«Քարանձավային մարդու սննդի սկզբունքի վրա հիմնված» հայտնի սննդակարգը, որը ենթադրում է հրաժարում աղից, շաքարից, հատիկային բույսերից, լոբազգիներից եւ կաթնամթերքից, կարող է նիհարեցնելու փոխարեն հակառակ հետեւանքն ունենալ: Նման եզրակացության են հանգել Մելբուրնի համալսարանի հետազոտողները: 

Այսպես կոչված պալեոլիթային սննդակարգը հիմնված է այնպիսի սննդամթերքի օգտագործման վրա, որով ենթադրաբար սնվել է հնագույն մարդը, որն ապրել է պալեոլիթի ժամանակաշրջանում:  Սննդակարգի մշակողներն առաջարկում են սննդի մեջ օգտագործել միս, ձուկ, մրգեր, բանջարեղեն եւ ընկույզներ: Նրանց կարծիքով, մարդկային օրգանիզմը գենետիկորեն ավելի հարմարված է նման սննդակարգի, որովհետեւ  միլիոնավոր տարիներ այդպես են սնվել մեր հեռավոր նախնիները, որոնք զբաղվում էին որսով եւ հավաքչությամբ:  

Սակայն գիտնականները, որոնց հետազոտության մասին գրում է  Nutrition and Diabetes-ը, հանգել են այն եզրակացության, որ սնվելու նման եղանակը, որում օգտագործվող ածխածինների մակարդակը ծայրաստիճան ցածր է, իսկ ճարպերի պարունակությունը` բարձր, կարող է հանգեցնել քաշի ավելացման եւ զուգահեռաբար` առողջության վատացման:  

Փորձարկում է իրականացվել, որում ավելորդ քաշով մկների մի խմբի կերակրել են նորմալ սննդով, իսկ երկրորդին` ցածր կալորիական սննդով` ճարպերի բարձր պարունակությամբ:  Փորձարկման մեկնարկից 8 շաբաթ անց կենդանիների վիճակի ստուգումը ցույց է տվել, որ պալեոսննդակարգով սնված մկների մոտ մարմնի զանգվածի ինդեքսն աճել է լրացուցիչ  15 տոկոսով, ինչպես նաեւ գլյուկոզայի հանդեպ ալերգիա է առաջացել եւ ավելացել է ինսուլինի մակարդակը: 

ԱՄՆ-ում պալեոսննդակարգն աներեւակայելիորեն մեծ ժողովրդականություն ունի: Սակայն հետազոտողները կարծում են, որ ավելորդ քաշից տառապող եւ նստակյաց կյանք վարող մարդկանց այդ սննդակարգը բոլորովին խորհուրդ չի տրվում:  «Մարմնի զանգվածի հետեւողական ավելացումը, որը դիտարկվում է սխալ սննդակարգի հետեւելու պարագայում, արյան ճնշման եւ ոսկրերի հետ կապված խնդիրներ է առաջացնում», - զգուշացնում են նրանք: 

Բժիշկներն ընդգծել են, որ նիհարել ցանկացող մարդիկ չպետք է այդ հարցի վերաբերյալ պատասխաններ փնտրեն դեղին մամուլում. այդ հարցով անհրաժեշտ է միայն մասնագետներին դիմել: