Կանզասի պետական համալսարանի հետազոտողների խումբն անեմիայի ախտորոշման թեստ է մշակել, որը տպվել է 3D տպիչով: Այդ թեստի օգնությամբ հնարավոր կլինի շատ հեշտորեն եւ արագ ախտորոշել անեմիան, առանց լաբորատորիա գնալու անհրաժեշտության: 

Անեմիայով աշխարհում մոտ երկու մլրդ մարդ է տառապում, որոնց թվում շատ են նախադպրոցական տարիքի երեխաները եւ հղի կանայք: Համարվում է, որ զարգացած երկրներում ապրող երեխաների եւ մանկածնական տարիքում գտնվող կանանց մոտ 30 տոկոսը անեմիայով է տառապում: 

Սարքի նախատիպի մշակման համար գիտնականներին մոտ մեկ տարի է անհրաժեշտ եղել: Թեստը կազմված է 3D տպիչով տպված պլաստիկե թիթեղներից, որոնք միացվում են սմաթֆոնին: Թիթեղի վրա արյան անալիզը մոտավորապես մեկ րոպե է տեւում, որից հետո արդյունքը երեւում է սմարթֆոնի էկրանին: Հիվանդը կարող է թեստը կատարել տնային պայմաններում, հետո ստացված տվյալներն ուղարկել բժշկին կամ էլ պահել արյան ցուցանիշներին հետեւելու համար. արդեն մշակվում է սմարթֆոնների համար նախատեսված հավելված, որը հիվանդներին կընձեռի բոլոր այդ հնարավորությունները: Գիտնականներն արդեն թույլտվություն են ստացել իրենց մշակումը Կանզասի համալսարանի բժշկական կենտրոնում փորձարկելու համար: Դա կօգնի բարելավել այդ թեստը եւ այն հարմարեցնել տարբեր բարդության անեմիայի ախտորոշման համար: