Էլեկտրոնային ծխախոտները կարող են անհամեմատ ավելի վտանգավոր լինել, քան նախկինում կարծում էին. դրանք միլիոն անգամ ավելի շատ թունավոր նյութեր են պարունակում, քան աղտոտված օդը եւ հանգեցնում են ոչ միայն քաղցկեղային հիվանդությունների, այլեւ անպտղության զարգացման: Այդ մասին հայտնում են Բապտիստական համալսարանի (Հոնկոնգ) հետազոտողները:
Ավելին, որոշ էլեկտրոնային ծխախոտներ թունանյութեր են պարունակում, որոնք պտղի զարգացման ընթացքում խնդիրների եւ վահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարման են հանգեցնում:
Հետազոտողներն անալիզի են ենթարկել էլեկտրոնային ծխախոտի 13 տարատեսակ, որոնք ժողովրդականություն են վայելում վերջին տարիներին: Թեստերը հաստատել են քիմիական վնասակար նյութերի,ներառյալ ֆորմալդեգիդների եւ պոլիցիկլային արոմատիկ հիդրոկարբոնատների առկայությունը. այդ երկու նյութն էլ մարդու առողջության համար ծայրաստիճան վնասակար քաղցկեղածիններ են համարվում:
Հետազոտության հեղինակներն իշխանություններին կոչ են անում էլեկտրոնային ծխախոտի օգտագործման ամբողջական եւ լիակատար արգելք մտցնել: Փորձագետների կարծիքով, վաճառքում առկա էլեկտրոնային ծխախոտներն ապահովված չեն դրանցում պարունակվող բաղադրիչների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններով, որոնք ստացվել են լաբորատոր թեստերի արդյունքում: Ավելին, որոշ էլեկտրոնային ծխախոտների վրա գրված է, թե դրանք «առողջարար» են, «ոչ քաղցկեղածին», «ոչ թունավոր», «անվտանգ» եւ այլն, ինչը մոլորեցնում է մարդկանց, որովհետեւ այդ արտադրանքը բոլորովին էլ անվտանգ չէ:






