ProTx-II պեպտիդը, որն առանձնացվում է պերուական մորմի թույնից, կարող է նոր` ավելի արդյունավետ եւ ընտելացում չառաջացնող ցավազրկողի հիմք դառնալ: Այդ մասին տեղեկացնում են Քուինսլենդի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները:
Գիտնականները, Սոնեյ Էնրիկեսի գլխավորությամբ, պերուական կանաչ, թավշյա մորմի թույնից առանձնացրել են ProTx-II պեպտիդը եւ ՄՄՌ-սպեկտրոսկոպիայի եւ մի շարք այլ մեթոդների օգնությամբ ուսումնասիրել են նրա կառուցվածքը: Այսպես, գիտնականները պարզել են, թե պեպտիդն ինչպես է փոխազդում նեյրոնների բջջային թաղանթի հետ եւ հայտնաբերել են, որ այն ճնշում է ցավային NaV1.7 ռեցեպտորի աշխատանքը:
Գիտնականները նախատեսել են հետագայում ավելի մանրամասնորեն ուսումնասիրել մորմի պեպտիդի ազդեցության հետ կապված ցավազրկման մեխանիզմը: Չի բացառվում, որ նրանց կհաջողվի նոր ցավազրկող ստեղծել, որը չի ունենա այն երկրորդական հետեւանքները, որ ունի ցավազրկողների մեծամասնությունը: Բացի այդ, նոր միջոցը ավելի քիչ ընտելացում կառաջացնի, քան մյուս դեղամիջոցները:
Պերուական մորմի թույնը դեռեւս 2014-ին ներառվել էր պոտենցիալ ցավազրկողների ցուցակում, երբ Յեյլի համալսարանի հետազոտողները սարդերի արտազատած ավելի քան հարյուր թունանյութ էին ուսումնասիրել:






