Գերմանիայից գիտնականները պարզել են, թե ինչու որոշ մարդիկ ուղղակի ի վիճակի չեն հրաժարվել քաղցր, յուղոտ, խմորե սննդից:  Պարզվել է, որ մեղավորն օրգանիզմում քաղցի զգացման համար պատասխանատու հորմոնն է: Նրա աշխատանքի խանգարումը հանգեցնում է շատակերության եւ որպես հետեւանք, ճարպակալման, հաղորդում է The Daily Mail-ը:

Վաղուց հայտնի է, որ ախորժակի կարգավորման եւ քաշի կառավարան գործում օրգանիզմում առանցքային դեր է խաղում երկու հորմոն` գրելինը եւ լեպտինը: Առաջինն ուղեղին հայտնում է, որ դուք քաղցած եք, իսկ երկրորդը, թե երբ եք արդեն կուշտ:  Շատ տարիների ընթացքում գիտնականները ենթադրում էին, թե ճարպակալման պատճառը կարող է լինել լեպտինի պակասը: Ենթադրվում էր, որ այդ պատճառով գեր մարդկանց օրգանիզմը երբեք տեղեկություն չի ստանում, որ նրանք կուշտ են:  

Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ գեր մարդիկ շատ լեպտին են ունենում, սակայն նրանց ուղեղն ինչ-որ պատճառով չի արձագանքում հորմոնի ազդանշաններին: Արդյունքում օրգանիզմին անընդհատ հրահանգներ են ուղարկվում` մեծացնել էներգիայի պահուստը  (դրա ամենապարզ միջոցը յուղոտ սննդի եւ քաղցրեղենի օգտագործումն է), ինչպես նաեւ հնարավորության դեպքում պահպանել այն (այդ պատճառով մեզնից շատերի համար այդքան բարդ է մեզ ստիպել վեր կենալ բազմոցից եւ սպորտով զբաղվել):

Նենգությունը նաեւ նրանում է, որ լեպտինը նվազեցնում է սննդից ստացվող հաճույքը` ճնշելով դոֆամինի հորմոնի արտազատումը, ինչն  օգնում է նվազեցնել ախորժակը: Բայց եթե օրգանիզմը չի արձագանքում լեպտինին, սնունդը երբեք չի դադարի համեղ թվալ, անկախ այն բանից, թե ինչքան եք ուտում: 

Դիաբետի հետազոտությունների գերմանական կենտրոնի  (German Center for Diabetes Research) գիտնականները, ինչպես նաեւ Գերմանիայի այլ գիտական հաստատությունների նրանց գործընկերները ուղեղում  «անջատիչ» են հայտնաբերել, որը կարգավորում է լեպտինի կողմից քաղցի ճնշումը: Ինչպես պարզվել է, դրա համար պատասխանատուն հիստոնդեացետիլազի  5 ֆերմենտն է (HDAC5): Մարդիկ, որոնց մոտ ինչ-որ պատճառով այն չի արտադրվում, բացարձակապես կայուն են լեպտինի ազդեցությանը, եւ հակառակը` ֆերմենտի ակտիվացումը քաշի պակասի է հանգեցնում: 

Գիտնականները հույս ունեն, որ ապագայում տվյալ բացահայտումը կօգնի ավելորդ քաշի դեմ արդյունավետ դեղամիջոցներ ստեղծել: