Բրազիլիայում գիտնականների իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ Զիկա վիրուսի փոխանցող կարող է լինել մոծակների եւս մի տեսակ, որին նախկինում չէին կասկածում հիվանդության փոխանցման մեջ: 

Ավելի վաղ համարվում էր, որ հիվանդության հիմնական փոխանցողները  Aedes aegypti մոծակներն են:

Oswaldo Cruz կենտրոնի բրազիլացի գիտնականները պնդում են, որ իրենց հաջողվել է լաբորատոր պայմաններում վիրուսը փոխանցել մոծակների մեկ այլ տեսակի`  Culex quinquefasciatus-ին: Արյուն ծծող միջատների այս տարատեսակը Բրազիլիայում  20 անգամ ավելի հաճախակի է հանդիպում, քան հազվագյուտ Aedes aegypti մոծակները: Հաղորդվում է, որ վիրուսը հաստատվել է լաբորատոր մոծակների օրգանիզմում այն բանից հետո, երբ միջատները Զիկայով վարակված ճագարների արյուն են համտեսել: 

Ինչպես հաղորդում է Reuters-ը, գիտնականները նշում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը:  

Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդուն է փոխանցվում մոծակների միջոցով եւ բնութագրվում է բարորակ ընթացք ունեցող տենդով: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար, որովհետեւ պտղի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում ուղեղի հնարավոր ծանր վնասմամբ: