Ամերիկացի գիտնականները Զիկա վիրուսի եւ սաղմի մոտ միկրոցեֆալիայի զարգացման միջեւ կապ են հայտնաբերել, հաղորդում է Washington Post թերթը: Հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսն ընտրովի վարակում է գլխուղեղի կեղեւի բջիջները: Հետազոտությունն իրականացրել են Ջոն Հոփկինսի համալսարանի, Ֆլորիդայի նահանգի համալսարանի եւ Էմորիի համալսարանի գիտնականներ: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Cell Stem Cell ամսագրում:
«Այն, ինչ մենք ցույց ենք տալիս, առաջին վկայությունն է: Մենք աշխարհում բառացիորեն առաջինն ենք, ով իմացել է դա: Մենք գիտեինք, որ այս վիրուսը կարող է շատ կարեւոր բջիջներ վարակել եւ խանգարել նրանց աշխատանքին», — հայտնել է նախագծի մասնակից վարակաբան Հենգլի Տանգը (Hengli Tang) Ֆլորիդայի պետական համալսարանից:
«Սա ընդամենը առաջին քայլն է այդ հիվանդության ուսումնասիրման գործում: Մենք ցույց ենք տվել, որ Զիկա վիրուսը կարող է փորձանոթում վարակել այն ցողունային բջիջները, որոնց նմանակներից սաղմի ձեւավորման ընթացքում ձեւավորվում է գլխուղեղի կեղեւը: Մենք մինչ այժմ չգիտենք, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ, եւ առայժմ չենք կարող վստահությամբ խոսել միկրոցեֆալիայի եւ Զիկայի միջեւ 100 տոկոսանոց կապի առկայության մասին», — հայտնել է Հունցզյուն Սունը (Hongjun Song) Բալթիմորում Ջոն Հոփկինսի համալսարանից (ԱՄՆ):
Սունն ու իր գործընկերներն այսպիսի եզրակացության են հանգել` փորձարկումներ անելով ցողունային բջիջների տարբեր տեսակների հետ, որոնք նման են այն բջիջներին, որոնք հնարավոր է տեսնել աճող մարդկային սաղմի ներսում: Կենսաբանները դրանք վարակել են Զիկա վիրուսով եւ հետեւել են, թե ինչպես է փոխվում այդ բջիջների աշխատանքը:
Այս փորձարկումները ցույց են տվել, որ տվյալ պաթոգենն ի վիճակի է արագ եւ հեշտորեն ներթափանցել հատուկ բջիջների մեջ, որոնք սաղմի զարգացման վերջին փուլերում վերածվում է ուղեղի կեղեւի, եւ դրանք, կենսաբանների խոսքով, փոխակերպել «նոր վիրուսային մասնիկների արտադրման ֆաբրիկաների»:
Գիտնականների խոսքով, վիրուսը ցողունային բջիջների մեջ մտցնելուց բառացիորեն երեք օր անց, ուղեղի կեղեւի ցողունային բջիջների ավելի քան 90 տոկոսը վարակվել է: Այդ վարակումն ուղեկցվել է ոչ միայն վիրուսային մասնիկների հսկայական քանակության արտադրությամբ, այլեւ բջիջների կենսական ցիկլում լուրջ խախտումներով, ինչը հանգեցրել է դրանց աճի եւ կիսման դանդաղման, ինչպես նաեւ զանգվածային մահացության:
Նման զանգվածային վարակման պատճառը, ինչպես կարծում են հետազոտողները, այն էր, որ ապագա նեյրոնները վարակումից պաշտպանող գեներն ինչ-որ պատճառով անջատվել են զարգացման այս փուլում: Այժմ գենետիկները փորձում են հասկանալ, թե ինչպես է հնարավոր կանխարգելել դրանց վարակումը, ինչպես նաեւ ավելի մանրամասնորեն ուսումնասիրում են կեղեւի ապագա նեյրոններ Զիկա վիրուսի ներթափանցման հետեւանքները:






