Շոկոլադն օգտակար է ոչ միայն սրտի եւ մաշկի, այլեւ, պարզվում է, ինտելեկտի համար: Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շոկոլադի կանոնավոր օգտագործումը կարող է մարդուն ավելի խելացի դարձնել:
Գիտնականների խոսքով, այն մարդիկ, որոնք շաբաթը գոնե մեկ անգամ շոկոլադ են ուտում, ավելի սուր հիշողություն եւ զարգացած վերացական մտածողություն ունեն, քան նրանք, ովքեր ավելի հազվադեպ են ուտում կամ ընդհանրապես չեն ուտում:
Հետազոտության ընթացքում, որի արդյունքների մասին պատմել է Appetite ամսագիրը, պարզվել է, որ շոկոլադի օգտագործումը բարելավում է հիշողությունն ու վերացական մտածողությունը: Այդ թեմայով իրենց առաջին հետազոտությունը ավստրալացի գիտնականները կատարել են դեռեւս 1970-ականներին, երբ 1000 կամավորի նկատմամբ դիտարկումների ընթացքում նրանք ուսումնասիրում էին զարկերակային ճնշման եւ ուղեղի աշխատանքի միջեւ կապը: Տարիներ անց գիտնականներն այդ հետազոտության մասնակիցներին խնդրել են պատմել, թե ինչպես են սնվում: Ստացված արդյունքները բացառիկ հնարավորություն են ընձեռել` ուսումնասիրելու շոկոլադի երկարատեւ ազդեցությունը ուղեղի վրա:
Ուղեղի աշխատանքի վրա շոկոլադի ազդեցության ճշգրիտ պատճառը հայտնի չէ: Սակայն նախորդ փորձարկումների ընթացքում նկատել են, որ ֆլավոնոլներ պարունակող սննդամթերքը, ինչպես օրինակ` շոկոլադը, բարելավում է ուղեղի աշխատանքը: 2014-ին գիտնականները նաեւ ենթադրել են, որ կակոյի հատիկներով հարուստ սննդակարգն օգնում է առաջացած տարիքում պաշտպանվել ձեռքբերովի թուլամտությանը բնորոշ հիշողության կորստից:






