Գենետիկների միջազգային խումբը մի շարք գեներ է հայտնաբերել, որոնք կառավարում են այն, թե որքան խիտ կլինեն ձեր մազերն ու մորուքը, կսերտաճեն արդյոք հոնքերը, երբ կսկսեք սպիտակել եւ ինչ արագությամբ: 

«Մենք արդեն գիտեինք ճաղատացման եւ մազերի գույնի հետ կապված գեների գոյության մասին, բայց առաջին անգամ մեզ հաջողվել է այնպիսի գեն հայտնաբերել, որը պատասխանատու է սպիտակելու համար, ինչպես նաեւ գեներ, որոնք պատասխանատու են մազերի ձեւի եւ խտության համար», — հայտնել է Քաուստուբհ Ադհիկարին   (Kaustubh Adhikari) Լոնդոնի համալսարանական քոլեջից  (Մեծ Բրիտանիա):

Հետազոտությանը 6357 եվրոպացի, լատինաամերիկացի եւ աֆրիկացի է մասնակցել Բրազիլիայից, Կոլումբիայից, Չիլիից, Մեքսիկայից եւ Պերուից: Նրանց  45 տոկոսը տղամարդիկ են, 55 տոկոսը` կանայք: Փորձարկման շրջանակում մասնակիցների արտաքին տեսքը համադրվում է նրանց գենոմի անալիզի հետ: 

Ինչպես պատմում են գիտնականները, նրանք աշխարհի այդ տարածաշրջանն են ընտրել նման  «գենետիկական մարդահամարի համար», որովհետեւ այստեղ ապրում են երկրագնդի գրեթե բոլոր ռասաների եւ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ, որոնք մշտապես եւ շատ ակտիվորեն խառնվում են իրար: Դա գիտնականներին հնարավորություն է տվել հասկանալու, թե որ գեներում  մուտացիաները եւ  «վրիպակներն» են ազդում մեր մազածածկույթի տարբեր գծերի վրա:  

Օրինակ, նրանց հաջողվել է պարզել, որ IRF4 գենը,  որը նախկինում կապված էր համարվում մազերի գույնի հետ, իրականում պատասխանատու է սպիտակելու գործընթացի համար. ԴՆԹ-ի այդ հատվածը կառավարում է մելանինի արտադրությունը` սեւ պիգմենտի, որի ակտիվության աստիճանների տարբերությունները որոշում են, թե մարդը որքան արագ կսկսի սպիտակել եւ որքան արագ նրա մազերը մոխրագույն կդառնան: 

Բացի այդ, գիտնականները բացահայտել են մազերի գանգրահերության գենը` PRSS53, մորուքի եւ հոնքերի խտության գեները` EDAR եւ FOXL2, եւ PAX3 գենը, որում մուտացիաները որոշարկում էին այն, թե արդյոք դրանց կրողը սերտաճած հոնքեր կունենա:  

Այս գեների բացահայտումը, ինչպես կարծում է Ադհիկարին, հետաքրքիր կլինի նախ եւ առաջ կոսմետոլոգներին, քրեագետներին եւ հնէագենետիկներին, որոնք կկարողանան այդ տվյալներն օգտագործել` պարզելու, թե ինչ տեսք ունեին հնագույն մարդիկ, ինչպես նաեւ հանցագործների ԴՆԹ-ով նրանց ֆոտոռոբոտը կազմելու կամ էլ արտաքին տեսքի բարելավման վերաբերյալ հրահանգներ նախապատրաստելու համար: 

Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում: