Բեղունության խնդիրներ ունեցող յուրաքանչյուր երրորդ տղամարդու մոտ զգալիորեն բարձր է տարիքի հետ նյութափոխանակային խանգարումների զարգացման վտանգը: Այդ մասին հայտնում են Լունդի համալսարանի գիտնականները (Շվեդիա):

Գիտնականների խումբը հետազոտել է սպերմատոզոիդների փոքր քանակություն ունեցող 192 տղամարդու, ստուգել է ճնշումը, հորմոնները եւ արյունը: Պարզվել է, որ նրանց 33 տոկոսի մոտ ցածր է տեստոստերոնի մակարդակը: Գիտնականների խոսքով, հորմոնային խախտման հետեւանքով այդ տղամարդկանց մոտ բարձր է օստեոպորոզի եւ դիաբետի զարգացման վտանգը: 

Բժիշկ Ալեքսանդր Գիվերկմանը բեղունության խնդիրներ ունեցող բոլոր տղամարդկանց խորհուրդ է տվել տղամարդկային հորմոնների անալիզ հանձնել: Եթե պարզվի, որ նրանք ռիսկի խմբում են, բեղունության խնդիրների լուծումից հետո արժե, որ զբաղվեն իրենց ընդհանուր առողջական վիճակով հետագա խնդիրների կանխարգելման համար: 

Այս հետազոտությունը հրապարակվել է Clinical Endocrinology ամսագրում: Այդ մասին պատմել են նաեւ Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի համաժողովին: