Արյունատար անոթներում կալցիումի կուտակումը կապված է ոչ միայն սրտային հիվանդությունների, այլեւ քաղցկեղի մի քանի տեսակի, երիկամների խրոնիկական հիվանդության (ԵԽՀ) եւ թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹԽՕՀ) զարգացման բարձր ռիսկի հետ: Այդ մասին հայտնում են Ջոնս Հոփկինսի համալսարանին կից բժշկական քոլեջի գիտնականները, որոնք 10 տարի շարունակ ուսումնասիրել են մի քանի հազար մարդու զարկերակի վիճակը:
Հետազոտությունն անցկացվում էր 45-ից 84 տարեկան 6814 ամերիկացու մասնակցությամբ: Կամավորները նախ պսակաձեւ ՀՏ-անգիոգրաֆիայի պրոցեդուրա են անցել զարկերակների պատերի կալցինոզի քանակական գնահատականը պարզելու համար: Այդ պահի դրությամբ նրանցից ոչ մեկի մոտ սրտանոթային հիվանդություն չէր հայտնաբերվել: Հետագա հետազոտության ընթացքում բոլոր մասնակիցները տարեկան առնվազն մեկ անգամ այցելում էին համալսարանական կլինիկա բուժհետազոտման եւ նոր հիվանդությունների ի հայտ բերման համար:
10-ամյա ժամանակահատվածի ընթացքում խմբում ընդհանուր առմամբ 1238 լուրջ ախտորոշում արվեց, որոնց թվում էին ուռուցքային հիվանդություններ (էնդոմետրիումի, կաթնագեղձի, ձվարանի, թոքերի, շագանակագեղձի, ստամոքսի, մաշկի, ուղիղ աղիքի քաղցկեղ եւ ուռուցքահեմատոլոգիական հիվանդություններ), թրոմբոզ, թոքաբորբ, ԵԽՀ, ԹԽՕՀ, ձեռքբերովի թուլամտություն եւ կոնքային հոդի շրջանում կոտրվածքներ:
Պսակաձեւ զարկերակների վիճակի վերաբերյալ տվյալների եւ վերոհիշյալ հիվանդությունների համեմատությունը ցույց է տվել, որ ոչ սրտաբանական բնույթի ծանր հիվանդությունները զարգացել են 400-ից բարձր կալցիումի ինդեքս ունեցող մասնակիցների 36,9 տոկոսի մոտ, մինչդեռ ԿԻ-ի զրոյին հավասար ցուցանիշ ունեցող ենթախմբում նման հիվանդություններ դիտարկվել են փորձարկվողների ընդամենը 11 տոկոսի մոտ:






