Վարդագույն կորյակների կամ ռոզացեայի առկայությունը գրեթե կրկնակի ավելացնում է Պարկինսոնիզմի ռիսկը, ցույց է տվել Կոպենհագենի համալսարանի հետազոտությունը, որին ավելի քան 5 մլն հոլանդացի է մասնակցել: Նրանք պարզել են, որ վարդագույն կորյակներ ունեցողները այդ հիվանդությամբ հիվանդանում են մոտավորապես   2,4 տարով ավելի շուտ, քան կորյակներ չունեցողները: 

«Մենք պարզել ենք, որ ռոզացեայով մարդիկ մոտավորապես  2 անգամ ավելի են ենթակա Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկին, քան մաշկային նման հիվանդություն չունեցողները», - հայտնել է առաջատար հետազոտող բժիշկ Ալեքսանդր Էհեբերգը Կոպենհագենի Herlev and Gentofte Hospital-ից:

«Ռոզացեան մաշկի տարածված հիվանդություն է, որով տառապում է շիկահերների մոտ  10 տոկոսը, մասնավորապես`կանայք: Լիովին հնարավոր է, որ ռոզացեան կարող է նպաստել վաղ փուլում Պարկինսոնի հիվանդության ախտորոշմանը», - հավելել է նա:

Հետազոտողները ենթադրում են, որ ռոզացեան բարձրացնում է այն  ֆերմենտի մակարդակը, որը ճեղքում է սպիտակուցները: Այդ ֆերմենտը նաեւ որոշակի դեր է խաղում Պարկինսոնի հիվանդության եւ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման գործում: 

«Բայց դա չի նշանակում, որ եթե դուք վարդագույն կորյակներ ունեք, ուրեմն ձեզ մոտ  անպայման պիտի Պարկինսոնի հիվանդություն զարգանա»,- ասել է Էհեբերգը: 

Էհեբերգն ու իր գործընկերներն ընդհանուր առամամբ Պարկինսոնի հիվանդությամբ   22000 հիվանդի եւ ռոզացեայով 68000 մարդու են հայտնաբերել:

Ինչպես հայտնում է Med Page Today-ը, վիճակագրությունը ցույց է տվել, որ Պարկինսոնի հիվանդության տարածվածությունը   10000 մարդու հաշվարկով սովորական մարդկանց մոտ 3,54 տոկոս է կազմում, իսկն վարդագույն կորյակներով հիվանդների մոտ`  7,62 տոկոս: Ճիշտ է, հիվանդության զարգացման ցածր ռիսկ է նկատվել այն մարդկանց մոտ, որոնք տետրացիկլին են ընդունել, անկախ վարդագույն կորյակների առկայությունից կամ բացակայությունից:  Գիտնականներն առայժմ չգիտեն, թե հակաբիոտիկներն ինչի հաշվին են ազդել:  

Հետազոտությունը հրապարակվել է «JAMA Neurology» ամսագրում: