Նստակյաց ապրելակերպը մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը, պարզել են բրազիլացի բժիշկները: Հեղինակների հետազոտությունը հրապարակվել է American Journal of Preventive Medicine-ում:

Օրական երեք ժամից ավելի աթոռին նստելը, գիտնականների գնահատականով, կապված է աշխարհում մահվան դեպքերի  3,8 տոկոսի հետ: Մյուս կողմից, եթե մարդն օրական աթոռին նստում է երեք ժամ   (բայց ոչ ավելի) դա նրա կյանքի տեւողությունն ավելացնում է միջինը  0,2 տոկոսով: Մարդկանց կողմից աթոռի վրա անցկացված ժամանակի կրճատումը օրական 50 տոկոսով (կամ երկու ժամով) կարող է երեք անգամ կրճատել նստակյաց կյանքի հետ կապված մահերի թիվը: 

Իրենց հետազոտության մեջ գիտնականները  54 երկրից աշխատանքների մետավերլուծություն են կատարել 2002-ից մինչեւ 2011-ն ընկած ժամանակահատվածում մահացության տվյալների մասին: Գիտնականների գնահատականով, նստակյաց կյանքը մոտավորապես   433 հազար մարդու է կործանել: Մահացության ամենաբարձր  ցուցանիշները եղել են այն երկրներում, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում, ինչպես նաեւ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Իսկ ամենացածրերը` Հարավ-Արեւելյան Ասիայի պետություններում: 

Գիտնականները նաեւ նշում են, որ ֆիզիկական ինտենսիվ վարժությունները չեն ազդի մահացության ցուցանիշների նվազման վրա այն դեպքում, եթե պահպանվի նստակյաց ապրելակերպը: Մասնագետները նախատեսում են ստացված տվյալներն օգտագործել աշխատակիցների աշխատաժամերի պլանավորման վրա: