Ամերիկացիները ՌՆԹ պարունակող մանրէակուլների 122 նոր տեսակ են հայտնաբերել. այդ վիրուսներն այնպիսի մանրէներ են «որսում», որոնք կայուն են նույնիսկ հակաբիոտիկների հանդեպ:  

Մանրէակուլները «գիշատիչ» վիրուսներ են, որոնք վերահսկում են մանրէների քանակը, ինչպես հողում եւ օվկիանոսներում, այնպես էլ մարդու օրգանիզմում: Այժմ հայտնի գրեթե բոլոր մանրէակուլները ԴՆԹ են պարունակում: Իսկ ՌՆԹ պարունակող մանրէակուլները գիտնականների կողմից շատ քիչ էին հետազոտված, որովհետեւ տեխնիկապես բարդ է փնտրել դրանք:  

Գիտնականներն առաջին անգամ ցույց են տվել, որ ՌՆԹ պարունակող մանրէակուլները կարող են ազդել գրամդրական մանրէների վրա, որոնց թվին են դասվում ստաֆիլոկոկը եւ ստրեպտոկոկը եւ որոնց վրա չեն ազդում ԴՆԹ պարունակող մանրէակուլները: Հայտնի է, որ ՌՆԹ-ով մանրէակուլներն ազդում են նաեւ գրամբացասական մանրէների վրա, որոնք այժմ ավելի կայուն են դառնում հակաբիոտիկների հանդեպ: 

«Հայտնի են ԴՆԹ պարունակող շատ մանրէակուլներ, բայց ՌՆԹ պարունակող մանրէակուլ գտնելը մեծ հաջողություն է», — ասում է պրոֆեսոր Դեւիդ Վանը, որը հետազոտության հեղինակներից մեկն է: Գիտնականների խումբը հայտնաբերել է դրանք` վերլուծելով օվկիանոներից վերցված հողի նմուշների, ծովային կենդանիների, մոծակների, մկների եւ մակակ-ռեզուսների մասին տվյալները:  

Հետազոտողները կշարունակեն ուսումնասիրել ՌՆԹ պարունակող մանրէակուլների ազդեցությունը հայտնի մանրէների վրա: Գիտնականները հույս ունեն, որ ապագայում   կկարողանան  մանրէակուլներին «որսի ուղարկել» կոնկրետ մանրէների ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա դրանք ոչնչացնել առանց հակաբիոտիկներ օգտագործելու: 

Հետազոտությունը հրապարակվել է PLOS Biology ամսագրում: