Մոտ ապագայում քիմիաթերապիա ստացող հիվանդները կկարողանան իրական ժամանակի ռեժիմում պարզել, թե արդյոք քիմիաթերապիան արդյունավետ է: Բոսթոնի Brigham եւ Women’s Hospital կլինիկաների գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակում, որի օգնությամբ բուժումը սկսելուց արդեն 8 ժամ անց հնարավոր կլինի իմանալ, թե այն իրո՞ք սպանում է քաղցկեղային բջիջները:
Ներկայումս քիմիաթերապիայի արդյունավետության գնահատման համար համակարգչային տոմոգրաֆիա են օգտագործում. բժիշկները դրա օգնությամբ հետեւում են ուռուցքի չափերի փոփոխությանը: Սակայն չի կարելի հաճախ անել այդ հետազոտությունը, եւ շատ տեղեկություն էլ չի տալիս նման հաճախությունը: Իսկ այժմ գիտնականներն առաջարկում են նանոմասնիկներ օգտագործել, որոնց ներմուծումը բուժման հենց առաջին օրը կօգնի հասկանալ, թե արդյոք քիմիաթերապիան ազդում է:
Գիտնականներն առաջարկում են նանոմասնիկներն օգտագործել քիմիաթերապեւտիկ դեղամիջոցներն ուռուցքին հասցնելու համար: Եթե քաղցկեղային բջիջը մահանում է դեղի ազդեցությամբ, նանոմասնիկը սկսում է կանաչ լույս արձակել. նման լուսարձակումը նշանակում է, որ օրգանիզմը պատասխանում է թերապիային: Լուսարձակումն առաջանում կասպազայի ազդեցության արդյունքում` ֆերմենտի, որ արտազատում են մեռնող բջիջները: Կասպազան փոխազդում է նանոմասնիկների կազմի մեջ մտնող հաղորդիչ տարրի հետ` այդպիսով կանաչ լուսազատում առաջացնելով:
Գիտնականներն արդեն փորձարկել են նանոմասնիկների աշխատանքը շագանակագեղձի քաղցկեղի եւ մելանոմայի բջիջների վա: Առաջին դեպքում նրանք ուռուցքային բջիջներին պակլիտակսել են հասցնում, իսկ երկրորդ դեպքում` հակամարմիններ, որոնք օգտագործվում են իմունոթերապիայի ընթացքում: Եթե ուռուցքները զգայուն են այդ դեղամիջոցների հանդեպ, ինտենսիվ լուսարձակում է դիտվում:
Շիլադիտիա Սենգուպտին եւ իր գործընկերները կարծում են, որ կլինիկական պրակտիկայում նոր մեթոդիկայի ներմուծումը կօգնի խուսափել հիվանդներին ոչ արդյունավետ դեղամիջոցների նշանակումից, որոնց ընդունումը ոչ մի կերպ չի ազդում նրանց ուռուցքի վրա:
Մոտ ապագայում գիտնականները հույս ունեն իրենց մեթոդիկան մարդկանց վրա փորձարկել:
Նոր մեթոդի մասին հայտնում է The Proceedings Of The National Academy Of Sciences ամսագիրը:






