Ռուսաստանցի գիտնականները Գերմանիայից գործընկերների հետ միասին Ընկույզի Մեծ քարանձավում (Կրասնոյարսկի մարզ) ակտինոմանրէների 10 նախկինում անհայտ շտամմ են հայտնաբերել, որոնք հատուկ հակաբիոտիկներ են արտադրում: 

«Ստորգետնյա քարանձավային լճի ջրից եւ «լուսնային կաթ» կոչվող նյութից ակտինոմանրէների 10 նոր շտամմ է առանձնացվել` մի շարք հակաբիոտիկների պրոդուցենտներ: Կատարված հետազոտությունների համաձայն, դրանք նախկինում անհայտ կենսաբանորեն ակտիվ միացություններ են արտադրում, այդ թվում ` հակաբիոտիկներ, որոնք արդյունավետորեն ճնշում են մանրէների եւ սնկերի աճը:  Այսպես, ակտիվ շտամմն ավելի քան 120 միացություն է արտադրում, որոնցից 100-ը նոր են եւ նախկինում անհայտ էին», – ասել է Իրկուտսկի պետական համալսարանի կենսաբանության ԳՀԻ-ի առաջատար մասնագետ Դենիս Ակսյոնով-Գրիբանովը: 

Նրա խոսքով, հայտնաբերված միացությունները բարձր արդյունավետություն են դրսեւորել հակաբիոտիկների դեմ կայուն աղիքային ցուպիկի եւ պաթոգեն սնկերի դեմ պայքարում, որոնք կաթնասնկախտի հարուցիչներ են: Նշենք, որ «լուսնային կաթի» բուժիչ հատկանիշները նախկինում էլ էին հայտնի եւ նկարագրված էին բժշկական գրականության մեջ, սակայն հայտնի չէր հակաբիոտիկներ արտադրելու նրա հնարավորությունը:  

Նոր հակաբիոտիկների հայտնաբերումը ծայրաստիճան կարեւոր է հակաբիոտիկների դեմ կայուն մանրէների տարածման հետ կապված: Այդ առումով ակտինոմանրէները կարող են կենսաբանորեն ակտիվ նոր միացությունների հետաքրքիր աղբյուր լինել:  

Գիտնականները մտադիր չեն բավարարվել ձեռք բերվածով եւ նախատեսել են շարունակել Ընկույզի Մեծ քարանձավի հետազոտումը:

Գիտնականների խմբի աշխատանքի արդյունքների մասին հայտնում է գիտական PLOS One ամսագիրը: