Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները այլ համալսարաններից եւ Ճապոնիայից գործընկերների հետ կարողացել են ցողունային բջիջներից ստացված նեյրոնների օգնությամբ վերականգնել առնետների ողնուղեղի ամբողջականությունը:
Ինչպես նշել են Մարկ Տուշինսկին եւ իր գործընկերները, այս եղանակով ողնուղեղը «նորոգելու» փորձեր վաղուց էին ձեռնարկվել, սակայն նախկինում ոչ մի գիտնական չէր կարողացել հաջողության հասնել: Այժմ հեղինակները նեյրոնների նախնի բջիջներ են ներմուծել կենդանիների վնասված ողնուղեղ: Բջիջները սկսել են գործել ողնուղեղի այլ բջիջների նման. նրանք լիարժեք սինապսներ են ձեւավորել, ինչն օգնել է վերականգնել առնետների շարժունակությունը: Նախորդ փորձարկումների անցկացման ընթացքում թիկունքակեղեւային ակսոնների վերականգնում տեղի չէր ունենում եւ կենդանիները չէին վերագտնում շարժվելու կարողությունը:
Գիտնականները ենթադրում են, որ նոր մեթոդիկան կարող է օգնել նաեւ անդամալույծ մարդկանց, որոնք վնասվածքից հետո կորցրել են շարժունակությունը: Իմիջիայլոց, առայժմ վաղ է խոսել մարդկանց վրա այս մեթոդի փորձարկման մասին. մոտ ժամանակներս գիտնականները նախատեսել են այն փորձարկել ավելի խոշոր կենդանիների վրա` համոզվելու մեթոդի անվտանգության եւ երկարաժամկետ արդյունավետության մեջ:
Այդ հետազոտության մասին հայտնում է Nature Medicine-ը:






