Բուսակերությունը կարող է առողջության համար այնքան օգտակար չլինել, որքան թվում է առաջին հայացքից. Cornell University-ի (ԱՄՆ) մոլեկուլային կենսաբանները պարզել են, որ երկար ժամանակ բուսակերական սննդակարգի հետեւելը փոփոխում է մարդու ԴՆԹ-ն` մեծացնելով հաստ աղիքի քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: 

Նման եզրակացության հանգելու համար նրանք Պունայի հնդկացիական բնակչության հարյուրավոր գենոմներ, որտեղ բնակիչների  70 տոկոսը բուսակեր է, համեմատել են Կանզասի բնակիչների գենոմների հետ, որոնք շատ միս են օգտագործում, եւ  գենետիկական նշանակալի տարբերություններ են հայտնաբերել: Պարզվել է, որ մի քանի սերնդի ընթացքում բուսակեր լինելը փոխում է մարդու ԴՆԹ-ն եւ նման պոպուլյացիաներում ի հայտ եկող մուտացիան նրանց ավելի զգայուն է դարձնում բորբոքումների հանդեպ, որոնք իրենց հերթին նպաստում են քաղցկեղի եւ այլ հիվանդությունների առաջացմանը: 

Գիտնականների կարծիքով, գենային մակարդակում այդ փոփոխությունները տեղի են ունեցել նրա համար, որ բուսակերի օրգանիզմը բույսերից ավելի հեշտորեն յուրացնի անհրաժեշտ ճարպաթթուները: Գիտնականների հայտնաբերած մուտացիան կոչվում է 66698963 եւ հայտնաբերվում է FADS2 գենում, որը կարգավորում է օրգանիզմում ճարպաթթուների արտադրությունը: Դա միջնորդավորված ազդեցություն է ունենում  արախիդոնային թթվի արտադրության վրա (օմեգա-6-չհագեցած ճարպաթթվի), որը, ինչպես հայտնի է, խրոնիկական բորբոքման է հանգեցնում: Բուսայուղերի բարձր պարունակություն ունեցող սնունդ օգտագործելու հետեւանքով մուտացիայի ենթարկված գենը ճարպաթթուներն արագ վերածում է վտանգավոր արախիդոնային թթվի: 

Ամերիկացի գիտնականների նման բացահայտումը բացատրում է նախորդ հետազոտությունները, որոնք պարզել են, որ բուսակեր բնակչությունը գրեթե 40 տոկոսով ավելի հաճախ է տառապում ուղիղ աղիքի քաղցկեղից, քան մսակերները: Այս բացահայտումը խնդրի առաջ է կանգնեցրել բժիշկներին, չէ որ համարվում է, որ կարմիր միսը մեծացնում է այս հիվանդությունների ռիսկը: 

«Բուսակերների համար պարզ խորհուրդ. օմեգա-6 լինեոլային թթվի ցածր պարունակությամբ բուսական յուղեր օգտագործեք, ինչպիսին օրինակ ձիթապտղի յուղն է:  Օրգանիզմը հագեցրեք ձկան եւ ընկույզի մեջ պարունակվող օգտակար օմեգա-3-ով», - ասել է Կոռնելի համալսարանի մարդու սննդի պրոֆեսոր Թոմ Բրեննան: 

Այդ մասին հայտնում է Molecular Biology and Evolution ամսագիրը: