Պատմության մեջ առաջին անգամ ճարպակալմամբ մարդկանց թիվը գերազանցել է քաշի պակաս ունեցող մարդկանց թիվը, ասված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Lancet ամսագրի կայքում:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, վերջին 40 տարվա ընթացքում ճարպակալումից տառապող մարդկանց թիվն ավելացել է ավելի քան վեց անգամ:  1975-ին այս խնդրին    105 մլն մարդ է բախվել, մինչդեռ  2014 թվականի հաշվարկները 640 մլն թիվն են ցույց տվել: 

Ներկայումս երկրագնդի բնակչության 13 տոկոսը ճարպակալումից է տառապում, մինչդեռ  հյուծումից տառապող մարդիկ 9 տոկոս են կազմում: Եթե 1975-ին ճարպակալումով հիմնականում կանայք էինք տառապում, այժմ տղամարդիկ սկսել են հասնել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:  

Մյուսներից ավելի շատ իրենց քաշն ավելացրել են Արեւելյան եւ Հարավ-արեւելյան Ասիայի բնակիչները: Չինաստանում ճարպակալումից 43,2 մլն տղամարդ եւ 46,4 մլն կին է տառապում: Դա նշանակում է, որ ավելորդ քաշով տղամարդկանց   16,3 տոկոսը Չինաստանի բնակիչներ են, չինուհիները կազմում եմ մոլորակի ճարպակալումից տառապող բնակչության 12,4 տոկոսը: Ավելորդ քաշով մարդկանց թվով երկրորդ տեղում ԱՄՆ-ն է: 

«Եթե այս միտումը շարունակվի, 2025-ին ամբողջ աշխարհում տղամարդկանց 18 տոկոսը կտառապի ճարպակալումից, կանանց շրջանում այդ ցուցանիշը կգերազանցի  21 տոկոսը», — ասված է հետազոտության մեջ: 

Գիտնականները ենթադրում են, որ միայն բժշկական միջոցներով եւ փողոցներում հեծանվուղիներով այդ խնդիրը չի հաղթահարվի: Մասնավորապես, հետազոտության հեղինակներն իշխանություններին առաջարկում են ավելի եռանդուն կերպով ստանձնել այն մթերքների գների կարգավորումը, որոնք ճարպակալում են առաջացնում, փոխարենը ավելի մատչելի դարձնել այսպես կոչված առողջ մթերքները:  

Հետազոտության հեղինակները միաժամանակ կարծում են, որ  21-րդ դարում բժիշկների ուշադրությունը հիմնականում սեւեռված է ճարպակալման վրա այն դեպքում, երբ ոչ պակաս կարեւոր` քաշի պակասի խնդրին զգալիորեն ավելի փոքր նշանակություն է տրվում: Չէ որ դա բավականին այժմեական հարց է Աֆրիկայի եւ Հարավային Ասիայի երկրների շատ բնակիչների համար, որտեղ բնակչության   15 տոկոսի մոտ մարմնի անբավարար զանգված է դիտարկվում, ասված է հոդվածում: