Չինական Sichuan Revotek ինովացիոն ընկերությունը աշխարհում առաջին անգամ արհեստական անոթներ է ստեղծել՝ տպագրված 3D պրինտերով, որոնք, սակայն, գործում են իսկականների նման: Այս մշակումը կարող է գիտությունը նոր մակարդակի բարձրացնել եւ օգնել արհեստական օրգանների ստեղծմանը:

Նոր անոթները տպագրված են կենսաթանաքով, որոնք ստեղծվել են մակակ-ռեզուսներից վերցված ցողունային բջիջների հիմքով: Ըստ որում՝ դրանք պրոթեզ չեն համարվում, լիարժեք օրգանական արյունատար անոթներ են: Չինական ընկերության գլխավոր գիտաշխատող Կան Յույյանը նշել է, որ օրգանիզմում նոր անոթների ներդրումից հետո 5 օրվա ընթացքում ձեւավորվում է էնդոդերմների նոր շերտ, միեւնույն ժամանակ շարունակում են աճել հարթ մկանների բջիջները: 28 օրվա ընթացքում իմպլանտացված անոթները միախառնվում են այլ բջիջներին, եւ տպագրված անոթը վերածվում է սովորականի՝ «իսկական» անոթի:

Գիտնականներն արդեն փորձարկել են նոր անոթները՝ պատվաստելով 30 մակակ-ռեզուսներին: Մի քանի ամիս անց մասնագետները պարզել են, որ արհեստական անոթները արդեն անհնար է իսկականից տարբերակել, եւ բոլոր կենդանիներն իրենց լավ են զգացել:

Դեռեւս վաղ է խոսել կլինիկական պրակտկայում 3D տպագրությամբ անոթների կիրառման մասին, սակայն ապագայում դրանց օգտագործումը միանգամայն իրատեսական է, եւ այդ ապագան սարերի ետեւում չէ: