Կորեացի գիտնականները սպիների դեմ միջոց են ստեղծել սոսնձային սպիտակուցի հիմքով, որը հայտնաբերել են միդիայի մեջ: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Biomaterials ամսագրում:

Սոսնձային նյութերը բժշկության մեջ հաճախ են օգտագործվում, որպեսզի վերքի եզրերը ձգվեն՝ նկատելի սպիների առաջացումից խուսափելու համար: Սակայն դրանք չեն ապահովագրում վերքի չորացումից, կարող են գրգռում առաջացնել եւ չեն ազդում ապաքինվելու ընթացքում կոլագենի մանրաթելերի կառուցման վրա: Վերջինի վրա ազդում է դեկորին սպիտակուցը, որն ապահովում է լավ կազմակերպված միատեսակ մանրաթելերի ձեւավորումը եւ կանխում է ավելցուկային սպիավոր հյուսվածքի առաջացումը: Բայց սրա օգտագործումը բավականին թանկ է:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել, որ միդիաների արտադրած սոսնձային նյութը նրանց թույլ է տալիս օվկիանոսում կառչել ժայռերին, իսկ դա նշանակում է, որ խոնավ միջավայրը խոչընդոտ չէ: Նոր սոսնձի ստեղծման համար նրանք օգտագործել են այս նյութը եւ կոլագենով պեպտիդ:

Միջոցը թեստավորվել է առնետների վրա: Գիտնականները նրանց մարմնին խոր, մինչեւ 8 մմ կտրվածքներ են կատարել, որի վրա են քսել սոսինձը, ապա ծածկել պլաստիկով: Ստուգիչ խմբի կրծողների վերքերը պլաստիկով են ծածկվել առանց սոսինձ կիրառելու: Փորձարկվող խմբում 11 օր հետո վերքերը ներծծվել են, 28-րդ օրն ամբողջովին ապաքինվել՝ թողնելով միայն աննշան հետքեր: Ստուգիչ խմբում վերքերն ավելի երկար են ապաքինվել, որից հետո առնետների մաշկին մնացել են նկատելի մանուշակագույն սպիներ: Դրանից բացի, փորձարկվող խմբում վերականգնվել են գեղձաբշտիկները եւ անոթները, ինչը տեղի չի ունեցել ստուգիչ խմբում:

Հետազոտողների կարծիքով՝ մարդկանց վրա արդյունքներն այսքան տպավորիչ չէին լինի: Մարդու մաշկն ավելի ամուր է եւ ընդհանուր առմամբ ավելի վատ է ապաքինվում, քան առնետինը: Սակայն գիտնականները ծրագրել են փորձերը շարունակել, հաջորդ քայլով փորձեր կկատարվեն խոզերի վրա, որոնց մաշկն իր կառուցվածքով մարդու մաշկին ավելի նման է: