Կլոր որդ Caenorhabditis elegans-ի ուղեղը եւ աղիները վերահսկում են ծերացման պրոցեսը, պարզել են Միչիգանի համալսարանի գիտնականները: Հետազոտողները ենթադրում են, որ այս մեխանիզմը գոյություն ունի նաեւ մյուս կենդանիների մոտ, այդ թվում՝ մարդու:
Կենսաբանները հայտնաբերած օրգանների համակարգն անվանել են «ծերացման առանցք» (axis of aging): Այն ներառում է 2 տեսակի նեյրոններ, որոնք արձագանքում են շրջակա միջավայրի ջերմաստիճանի փոփոխություններին եւ ազդանշաններ են ուղարկում որդի մարսողական համակարգ՝ ներգործելով գեների ակտիվության վրա:
Նեյրոնների մի տեսակը՝ IL-1-ը, արձագանքում է ցրտին եւ նպաստում աղիների հյուսվածքում NSM նեյրոններից սերոտինինի արտադրմանը: Այս ազդանշանն, իր հերթին, որսում է ռեցեպտորները, որոնք բարձրացնում են DAF-16 սպիտակուցի ակտիվությունը, որը մեծացնում է կյանքի տեւողությունը: Նեյրոնների երկրորդ տեսակը՝ASJ-ն, ընկալում է տաքությունը եւ նպաստում ինսուլինանման սպիտակուցների սինթեզին, որոնք արգելափակում են DAF-16-ը: Ազդանշանների 2 շղթաներն աղիներից տարածվում են այլ հյուսվածքներ ու օրգաններ:
Գիտնականների խոսքով՝ «ծերացման առանցք» կարող են ունենալ ոչ միայն որդերը, այլ նաեւ մյուս կենդանիները: Այսպես՝ պարզվել է, որ որոշ արտաքին խթաններ, ներառյալ մեծ քանակությամբ ածխաջրերի օգտագործումը, կարող են բացասաբար ազդել կաթնասունների կյանքի տեւողության վրա:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Genes and Development ամսագրում:





