• Latest news

Երիտասարդության գաղտնիքը թաքնված է շիկակարմիր գենում

2 մայիսի, 2016  21:18

Գիտնականները որոշակի առաջընթաց են արձանագրել այն բանի ընկալման մեջ, թե ինչու որոշ մարդիկ իրենց տարիքից ավելի երիտասարդ են երեւում:   Նրանք   մարդկային ԴՆԹ-ի ֆերմենտ են հայտնաբերել, որը, ըստ երեւույթին, ազդում է այն բանի վրա, թե մարդը քանի տարեկան է երեւում: 

MC1R գենը պատասխանատու  է մարդկային մարմինը ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանելու համար, իսկ նրա տարբերակները, մասնավորապես, իրենց մեջ տեղեկություն են կրում մազերի շիկակարմիր գույնի մասին: 

Նիդերլանդներում Էրազմուսի համալսարանի Բժշկական կենտրոնը եւ Unilever ընկերությունը «թվացյալ տարիքի» ուսումնասիրություն են կատարել: Գիտնականների եզրահանգումները հրապարակվել են  Current Biology ամսագրում, հայտնում է BBC-ն:

Հետազոտության շրջանակում գիտնականները 2693 մարդու պատկեր են վերցրել, որոնք նկարվել էին առանց դիմահարդարման, եւ մարդկանց հարցրել են, թե իրենց կարծիքով քանի տարեկան է լուսանկարվածներից յուրաքանչուրը: Հետո արդյունքները համեմատել են ուսումնասիրվողներից յուրաքանչյուրի իրական տարիքի հետ: 

Հաջորդ փուլում հետազոտողները մանրամասնորեն ուսումնասիրել են այդ  2693 մարդու ԴՆԹ-ն, որպեսզի որեւէ համընկնող տարբերություն կամ մուտացիա հայտնաբերեն   ավելի երիտասարդ թվացող մարդկանց մոտ: 

Ամեն ինչ մատնանշել է MC1R գենին, որը պատասխանատու էր մելանինի արտադրության համար, որն ազդում է մաշկի պիգմենտացիայի վրա եւ այն պաշտպանում արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Սակայն այդ գենը բազմաթիվ ձեւեր կամ տարբերակներ ունի, որոնցից շատերը պատասխանատու են շիկակարմիր մազերի համար. այդ պատճառով այն «շիկակարմիր գեն» են կոչել:

Գիտնականները ենթադրում են, որ գենի որոշ տարբերակներ հանգեցնում են նրան, որ դրա կրողները միջինը երկու տարով ավելի երիտասարդ տեսք են ունենում, քան MC1R-ի այլ տարբերակներով մարդիկ:

Միաժամանակ հետազոտողները չեն կարողանում բացատրել, թե  MC1R-ն ինչու է այդպես ազդել: Նրանք ստուգել են այն տեսությունը, թե գենի տարբերակները կարող են փոխել արեւի ազդեցության ուժը մաշկի վրա, եւ դա հաստատվել է: 

Բժշկության ոլորտում հետազոտությունների բրիտանական խորհրդի գենետիկայի բաժնից Իեն Ջեքսոնն ասում է, որ գիտնականները հետաքրքիր եզրահանգումներ են արել, բայց երիտասարդության աղբյուր չեն հայտնաբերել:  «Հարցն այն է, թե նրանք իրենց հաշվարկներում որքանով են հաշվի առել բոլոր գործոնները, ներառյալ մազերի եւ աչքերի գույնը: Բայց բնազդաբար ինձ թվում է, որ հարցը պիգմենտացիան է: Կասկածում եմ, թե ավելի գունատ պիգմենտացիայով մարդիկ ավելի երիտասարդ տեսք ունեն: Խոսքը ավելի գունատ մաշկի, կապույտ աչքերի եւ բաց գույնի կամ խարտյաշ մազերի մասին է», - նշում է Ջեքսոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել