• Latest news

Կեղտոտ գուլպաներից ինչու է այդքան վատ հոտ գալիս

21 մայիսի, 2016  22:42

Ինչու է կեղտոտ հագուստից  եւ հատկապես գուլպաներից այդքան վատ հոտ գալիս: Այդ հարցին պատասխանը փորձել են փնտրել Northumbria University-ի գիտնականները: Իրենց հետազոտության մասին նրանք պատմել են  Journal of Chromatography A լրատվական գործակալության էջերին:

Պարզվել է, որ անկրկնելի «բույրի» հիմնական բաղադրիչներ են հանդիսանում վեց բավականին պարզ օրգանական մոլեկուլ մանրէական ծագմամբ, որոնց դեմ կարելի է պայքարել տաք ջրում լվանալու միջոցով:  

Մարդկային քրտինքն ինքնին հոտ չունի, իսկ օգտագործած գուլպաների յուրահատուկ հոտն իրականում մեր մաշկի վրա ապրող մանրէների կենսագործունեության հետեւանքն է: Նրանք սնվում են քրտինքում առկա նյութերով եւ տարբեր միացություններ են արտազատում` երբեմն ուժեղ հոտ ունեցող: 

Այս հոտերից ազատվելն այնքան էլ հեշտ չէ. շատերը հավանաբար նկատել են, որ նույնիսկ լվացքից հետո հագուստից առաջվա նման թարմության հոտ չի գալիս: Հետազոտողներն ասում են, որ դրա մեղավորը լվացքի ցածր ջերմաստիճանն է եւ  հոտավետ լվացքի փոշի  չօգտագործելը: 

Հոտավետ գուլպաների եւ վերնաշապիկների դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդներ գտնելու համար Նորտումբրիայի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են օգտագործված հագուստի միկրոաշխարհը: Այդ նպատակով նրանք կամավորների խումբ են ընտրել ութ հոգուց` վեց տղամարդու եւ երկու կնոջ, որոնք պատրաստ էին որոշակի պայմաններում (օրինակ` սպորտով զբաղվելու ընթացքում) 10 ժամ հագուստ եւ կոշիկներ կրել, առանց հանելու: Դրանից հետո փորձարկման մասնակիցները պետք է օգտագործված հագուստը սառեցնեին սառնարանում եւ հանձնեին գիտնականներին: 

Հետազոտողները հոտոտել են բոլոր նմուշները եւ գնահատել են դրանց հոտը տասը միավորանոց սանդղակով: Հետո հագուստը լվացել են լվացքի մեքենայում`  20°C-ի պայմաններում, ոչ հոտավետ լվացքի փոշով: Հետագայում «քրտինքի խտանյութի» բաղադրությունն ուսումնասիրվել է   գազային հատուկ քրոմատոգրաֆի օգնությամբ: Դա օգնել է պարզել, որ հոտ է գալիս ընդամենը վեց միացությունից` կարագաթթվից, դիմեթիլսուլֆիդից, դիմեթիլ տրիսուլֆիդից, 2-հեպտանոնից,  2-նոնանոնից եւ 2-օկտանոնից:

Հագուստը բոլոր բաղադրիչներից լիովին մաքրելուն օգնել է միայն մեկ ժամ  60°C-ում լվացքը: Գիտնականները հույս ունեն, որ հայտնաբերված նյութերի հետագա ուսումնասիրությունը կօգնի հասկանալ, թե ինչպես է հնարավոր պայքարել դրանց դեմ սառը ջերմաստիճանում, ինչպես նաեւ` հնարավոր է արդյոք այնպիսի լվացքի փոշի ստեղծել, որը հոտը հեռացնի սառը ջրով լվացման դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել