• Latest news

Ինչու Հայաստանում քաղցկեղով հիվանդին չեն ասում ճիշտ ախտորոշումը

30 հունիսի, 2016  21:51

Արդյոք ուռուցքային հիվանդները պետք է իմանան իրենց ախտորոշման մասին:  Սա առաջին միտքն է, որ ունենում եմ «Նաիրի» բժշկական կենտրոնի Քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լեւոն Բադալյանի աշխասենյակում սպասելիս:

Բժիշկը խոսում է տարեց հիվանդի ազգականների հետ, իսկ հիվանդը սպասում է միջանցքում: Լեւոն Բադալյանը բացատրում է` քիմիաթերապիան կարող է արդյունավետ լինել, կարող է եւ՝ ոչ. ամեն ինչ  կախված է նրանից, թե հիվանդի օրգանիզմն ինչպես կարձագանքի բուժմանը: Հարազատները պետք է որոշեն՝ արժե  նման ծանր բուժման ենթարկել տարեց մարդուն, թե՝ ոչ։

Հարազատները բժշկին խնդրում են ծերունուն չհայտնել ախտորոշումը: Պայմանավորվում են՝ նրան կասեն, որ նախնական ախտորոշումը` ստամոքսի խոցհաստատվել է: Հիվանդին կանչում են աշխատասենյակ: Բարձրահասակ եւ բավական առույգ ծերունին անմիջապես սկսում է բժշկին հարցուփորձ անել. խոսքն իսկապե՞ս ստամոքսի խոցի մասին է։ Եթե այո, ապա ինչո՞ւ են լրացուցիչ հետազոտություններ նշանակել, մասնավորապես` ԿՏ:  Չէ՞ որ այդ ախտորոշումը վաղուց հայտնի էր: Բժիշկը հանգիստ եւ երկար նրան բացատրում է, որ լրացուցիչ հետազոտություններն անհրաժեշտ էին ախտորոշման հաստատման համար, հետո ստամոքսի ցավերը հանգստացնող դեղեր է  նշանակում: Ընտանիքը հեռանում է, բայց հարց է՝ արդյոք հաջողվեց համոզել ծերունուն:

- Պե՞տք է արդյոք ուռուցքային հիվանդներին հայտնել ախտորոշումը։

Շատ դեպքեր եմ ունենում, երբ հիվանդները չեն իմանում իրենց ախտորոշումը եւ բուժումն օգնում է, քանի որ հոգեբանական լարվածություն չի լինում։ Իսկ այն պացիենտները, որոնք իմանում են... Իհարկե, կան գրագետ մարդիկ, որոնք դա հանգիստ են ընդունում։ Բայց ովքեր այնքան էլ իրազեկված չեն, եւ վստահ են, որ քաղցկեղն անբուժելի է, նրանց համար շատ ծանր է լինում։ Մեր ազգի մենթալիտետը, ուռուցքային հրվանդությունների վերաբերյալ իրազեկվածության աստիճանը հաշվի առնելով՝ առավելապես ճիշտ ախտորոշումը չի ասվում:

- Չէ՞ որ արտասահմանում ճիշտ հակառակն է: Այնտեղ համարում են, որ հիվանդը պետք է իմանա քաղցկեղի մասին:

Այնտեղ մարդիկ ավելի իրազեկված են, գիտեն, որ քաղցկեղը հնարավոր է բուժել։ Երկրորդ, այնտեղ ձեւավորված իրավական ինստիտուտն է բժշկին ստիպում հիվանդին ասել ճշմարտությունը։ Բայց պետք է տարբերակել ախտորոշումն ու կանխատեսումը։ Մարդուն ասում են, որ ինքը քաղցկեղ ունի, բայց ոչ մի բժիշկ չի ասում, որ երկար չի ապրելու։ Այնպես որ, այդ խնդիրն այնտեղ էլ կա։ Մենք էլ այստեղ շատ ժամանակ հարազատներին առաջարկում ենք հիվանդին ասել քաղցկեղի մասին, բայց նաեւ ասել, որ նա կբուժվի, եւ շատերը համաձայնում են:

- Բայց հարազատներից էլ են թաքցնում ամբողջ ճշմարտությունը...

Ոչ, դա բացառված է, եթե չասենք` լուրջ խնդիր կունենանք։ Մենք հարազատներին ասում ենք ճիշտ կանխատեսումը, եւ նրանք փաստաթուղթ են ստորագրում, որ իրազեկված են հնարավոր բոլոր ելքերի մասին։ Պետք է ասեմ, որ հիմնականում տարեց հիվանդներից ենք թաքցնում իրական ախտորոշումը։ Երիատասարդները գրեթե բոլորն իմանում են։ Նրանք կամ գլխի են ընկնում, կամ էլ զգուշորեն բացատրում ենք։

Անցնում ենք մեր զրույցի հիմնական թեմային՝ քիմիաթերապիայի ծառայությանը եւ, ընդհանրապես, ուռուցքային հիվանդությունների բուժմանը «Նաիրի» ԲԿ– ում:

Մենք աշխատում ենք օնկոթիմով։ Ախտորոշողը, վիրաբույժը, քիմիաթերապեւտն աշխատում են միասին, համալիր բուժում իրականացնում։

Ձեզ մոտ առաջակվում է քաղցկեղի բոլո՞ր տեսակների բուժում։

Մենք ունենք օնկոգինեկոլոգիայի ուժեղ թիմ, ունենք օնկոոսկրաբաններ եւ օնկոնյարդավիրաբույժներ։ Ինչ վերաբերում է թոքի կամ աղեստամոքսային չարորակ ուռուցքներին, այդպիսի վիրահատություններ եւս արվում են, բայց դրանք անում են ընդհանուր վիրաբույժները, նրանք ուռուցքաբաններ չեն։ Հիմնական շեշտը դրել ենք օնկոգինեկոլոգիայի վրա։

- Պատահո՞ւմ է, որ հիվանդները ձեզ մոտ քիմիաթերապիա ստանալու գան այլ կլինիկաներում վիրահատվելուց հետո:

Նման դեպքերը, թերեւս գերակշռում են։

Այդ դեպքում ո՞րն է ձեր բաժանմունքի առավելությունը:

Բաժանմունքը 4 տարի առաջ հիմնել է ֆրանսահայ բժիշկ Գեւորգ Աբգարյանը։ Նպատակն էր Հայաստանում ունենալ քիմիաթերապիայի ժամանակակից ծառայություն։ Այն հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով եւ համալրվել երիտասարդ մասնագետներով, որոնք վերապատրաստվել են Եվրոպայում։ Սկզբնական շրջանում բոլոր հիվանդների տվյալներն ամեն շաբաթ ուղարկում էինք ֆրանսիական կլինիկա` կոնսիլիումի։ Այդ սկզբունքով երկար ժամանակ աշխատել ենք, բայց հիմա արդեն այնքան ենք հմտացել, որ միայն միջին եւ բարդ դեպքերի վերաբերյալ ենք նրանց հետ խորհրդակցում։ Սա այս կենտրոնի ամենամեծ առավելությունն է:

Կան քիմիաթերապիայի ընտրության պրոտոկոլներ եւ իրականացման սխեմաներ։ Այդ պրոտոկոլներն ամեն տարի, նույնիսկ տարին մի քանի անգամ կարող են թարմացվել, եւ քիմիաթերապեւտը պետք է դրանց մշտապես տիրապետի։ Եթե նա գիտի միայն այն, ինչ հինգ տարի առաջ գիտեր, դա արդեն ակտուալ չէ։Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից է։

Այդ պրոտոկոլների հիման վրա ընտրվում է բուժման մարտավարությունը. քանի ամիս պետք է տեւի բուժումը, ինչ հաճախականությամբ պետք է կատարվեն մյուս հետազոտությունները։ Կա քիմիաթերապիայում լայնորեն կիրառվող 10-15 դեղ, որոնք նշանակվում են տարբեր համադրություններով։

Քիմիաթերապիայի ժամանակ ամենամեծ խնդիրը կողմնակի բարդությունների կառավարումն է։ Դա կոչվում է ուղեկցող թերապիա, որը նույնպես իրականացվում է հատուկ պրոտոկոլների համաձայն։ Եվ դա գործի ոչ պակաս պատասխանատու մասն է։ Այդ ուղեկցող թերապիան ներառում է եւ սրտխառնոցի դեմ դեղեր, եւ արյունը կարգավորող միջոցներ, այդ թվում՝ արյան փոխներարկում եւ այլն։ Այսինքն, պետք է անել ամեն ինչ, որպեսզի հիվանդի բուժումն ավելի թեթեւ ընթանա, չափաբաժիններն արհեստականորեն չնվազեցվեն, եւ բուժման կուրսերի միջեւ ինտերվալները չերկարեն։

 – Իսկ կա՞ն քիմիաթերապիայի հետեւանքով մազերի կորստի դեմ պայքարի միջոցներ:

Քիմիաթերապիան հիմնականում բերում է մազաթափության։ Դրան լիարժեք լուծում չկա, բայց շուտով մեր կլինիկայում կիրառվելու է նոր տեխնոլոգիա, որը զգալիորեն նվազեցնելու է մազաթափությունը մի շարք ախտորոշումների դեպքում:

Անահիտ Սարգսյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել