• Latest news

Վաղ մահացության ռիսկի գործոնները. 5 պարզունակ սխալ

2 հուլիսի, 2014  19:40

Մահը կյանքի անխուսափելի մասն է կազմում, սակայն վաղ մահացությունը կարելի է միանգամայն կանխարգելելի համարել, հիշեցնում է Medical Daily-ն:

Ծխախոտի եւ ալկոհոլի օտգագործումը, աղի չարաշահումը եւ արյան բարձր ճնշումը վաղ մահացության ռիսկի նշանակալի գործոններ են համարվում: Սակայն, բացի վերը հիշատակվածից, մի շարք այլ` առաջին հայացքից անմեղ թվացող պահվածքներ եւս կարող են կյանքի` ակնկալվող միջինից ցածր տեւողության պատճառ դառնալ.

1. Հեռուստացույց

Հոգնեցուցիչ աշխատանքային օրվա ավարտից հետո դժվար է հեռուստացույցի էկրանից խուսափել: Այդուհանդերձ, Նավարրայի համալսարանի հասարակական առողջության ֆակուլտետի գիտահետազոտական խմբի կողմից` 13 284 շրջանավարտների շրջանում իրականացված` ավելի քան 8 տարի տեւողությամբ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նստակյաց կյանքը կարող է մահացու սպառնալիք պարունակել: Հետազոտության հեղինակները փորձել են, մասնավորապես, նստակյաց պահվածքի երեք տարբերակների` հեռուստացույցի առջեւ, համացանցում եւ մեքենայի ղեկին անցկացված երկար ժամանակի ու մահվան ռիսկի միջեւ կապ հայտնաբերել: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հետազոտության մասնակիցներից 97-ը մահացել են, ընդ որում, 19-ը` սրտնոթային հիվանդությունների, 46-ը` քաղցկեղից եւ 32-ը` այլ պատճառներով: Հեռուստացույցի առջեւ օրական մեկ առավելագույնը մեկ ժամ անցկացնող շրջանավարտների համեմատությամբ, բոլոր նրանք, ովքեր 3 եւ ավելի ժամ են հատկացրել հիշյալ զբաղմունքին, վաղ մահանալու կրկնակի մեծ ռիսկի են ենթարկվել: Իսկ ահա համացանցում կամ ավտոմեքենային ղեկին հատկացված ժամանակի եւ մահվան դեպքերի միջեւ ոչ մի կապ չի հայտնաբերվել:

2. Միայնություն

Միայնությունը լուրջ ազդեցություն է թողնում մարդու հոգեկան առողջության վրա, բայց արդյո՞ք նույնը կարելի է ֆիզիկական առողջության մասին ասել: Պարզվում է` այո. այն նույնիսկ կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ, հատկապես` տարեց մարդկանց շրջանում, որոնք դժվարությամբ են սթրեսը հաղթահարում եւ կյանքի նկատմամբ լավատեսությունը վերականգնում: Միայնակ կյանքը կարող է նաեւ արյան բարձր ճնշման, դեպրեսիվ հորմոնի` կորտիզոլի բարձր մակարդակի եւ քնի ռիթմի խանգարման հանգեցնել: Ընդհանուր առմամբ, հիշյալ եզրահանգմանը եկած հետազոտական խմբի անդամները վստահ են, որ միայնությամբ տառապող տարեց մարդկանց մոտ վաղաժամ մահանալու ռիսկը 14 տոկոսով բարձր է` ընկերներով եւ ընտանիքի անդամներով շրջապատվածների համեմատությամբ:

3. Անգործություն

Ծանր աշխատանքը սթրեսի աղբյուր է, սակայն անգործությունը եւս կարող է դեպրեսիայի, սրտային հիվանդության եւ վաղ մահացության պատճառ հանդիսանալ: Վաղ տարիքում թոշակի անցնելը շատերին կյանքի մնացած տարիները վայելելու հրաշակի հնարավորություն է թվում, սակայն համապատասխան հետազոտության արդյունքները ճիշտ հակառակ պատկերի մասին են վկայում: Յուրաքանչյուր «անգործ» տարին կարող է վաղ մահացության ռիսկի 13.4 տոկոսով խթանման պատճառ հանդիսանալ:

4. Օդի աղտոտվածություն

Որոշ երկրներում օդի աղտոտվածության բարձր մակարդակն այնքան սովորական երեւույթ է դարձել, որ մարդիկ այլեւս ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին: Այնինչ աղտոտված օդն ամենամեծ առողջապահական ռիսկերից մեկն է համարվում, որի ազդեցությամբ ինսուլտի, սրտի իշեմիկ հիվանդության, սուր շնչառական վարակների, թոքի քրոնիկ հիվանդությունների եւ տարբեր տիպի քաղցկեղների առաջացման համար նշանակալի նախապայմաններ են ստեղծվում:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2012թ. մահացած մարդկանց ութերերոդ մասը` շուրջ 7 մլն մահվան դեպքեր օդի աղտոտվածության հետեւանքով են տեղի ունեցել:

5. Կեղտոտ ատամներ

Եթե կարծում եք, թե բերանի հիգիենան ոչ մի առնչություն չունի վաղ մահացության ռիսկի հետ, ապա շատ եք սխալվում: Շվեդ գիտնականները վերջերս պարզել են, որ ատամի նստվածքը, եթե մեծ չափերի է հասնում, կարող է քաղցկեղի առաջացման վտանգ պարունակել: 1985-2009թթ. իրականացված հետազոտությանը 1390 մարդ է մասնակցել: 24 տարիների ընթացքում մասնակիցներից 58-ը մահացել են, ընդ որում, 35-ը` քաղցկեղից: Գիտնականները, որոնք ի սկզբանե տվյալներ են հավաքագրել` հիգիենիկ վարքագծի եւ ատամների նստվածքի ինդեքսի վերաբերյալ, եկել են այն եզրահանգման, որ ատամների նստվածքը կարող է մահաբեր հիվանդության լուրջ սպառնալիք պարունակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել