• Latest news

Անպտղության բուժման հեռանկարները. բեղմնավորման 7 հնարավորություններ

6 հուլիսի, 2014  14:09

Ավելի քան երեք տասնամյակ առաջ գիտնականներին հաջողվեց սպերմատոզոիդը ձվաբջջին միաձուլելով` արտաարգանդային բեղմնավորման հիմքերը դնել: Այն ժամանակ ֆանտաստիկ թվացող տեխնոլոգիան ներկայումս արդեն լայն տարածում է գտել: Բավական է ասել, որ 5 մլն երեխա հիշյալ եղանակով է բեղմնավորվել, տեղեկացնում է FoxNews-ը:

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, փորձագետները արդարացիորեն համոզմունք են հայտնում, որ անպտղության բուժման եղանակները դեռեւս բարելավվելու, քիչ ծախսատար դառնալու եւ առավել լայն տարածում գտնելու միտում ունեն: Դրանց շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն անպտղությամբ տառապող կանանց մայրության հաճույքը զգալու հնարավորություն պարգեւել, այլ նաեւ` վերարտադրողական տարիքը երկարաձգել եւ ժառանգներին գենետիկ բարդություններ փոխանցելու հեռանկարից խուսափել:

Այդուհանդերձ, բուժման որոշ եղանակներ կարող են էթիկայի հետ կապված խնդիրների բախվել: Մասնավորապես, գաղափարը, թե` ծնողները կարող են ապագա երեխայի կոնկրետ ֆիզիոլոգիական տվյալները ընտրել, մտորումների տեղիք է տալիս: Ուստի ժամանակն է, որ, ոլորտի զարգացումն անխափան պահելու համար, էթիկայի համապատասխան կանոններ մշակվեն:

Ստորեւ բեղմնավորման 7 հնարավորություններ ենք ներկայացնում, որոնք մոտ կամ հեռավոր ապագայում կարող են իրականանալի դառնալ.

Գենետիկ հետազոտությունները կարող են առավել արդյունավետ գտնվել

Ներկայումս արդեն գենետիկ հետազոտության մեկ տեխնոլոգիա է գործում, որը ժամանակի ընթացքում կարող է լայն տարածում գտնել: Այն, նախքան ներպատվաստումը, արտաարգանդային բեղմնավորմամբ ստեղծված էմբրիոնի գենետիկ խախտումների` քրոմոսոմների եւ ԴՆԹ-ի երկար հատվածների ավելցուկների առկայությունն է ստուգում` հղիության խափանումը (երբ էմբրիոնը հաջողությամբ ներպատվաստվելու հնարավորություն չի ունենում) կամ վիժումը կանխելու նպատակով:

Հիշյալ մեթոդն առայժմ միայն այն կանանց պարագայում է կիրառվում, որոնք մինչ հետազոտությունը մի քանի անգամ վիժել են:

Կանայք ավելի շատ ձվաբջիջներ կսառեցնեն

Չնայած ձվաբջիջների սառեցման պրակտիկան արդեն տարիների պատմություն ունի, գիտնականներին բոլորովին վերջերս է հաջողվել գործընթացի նվազագույն բացասական հետեւանքներ ապահովող եղանակը գտնել: Նախկինում, երբ ջվաբջիջները դանդաղ էին սառեցվում, դրանց բաղադրության մեջ գտնվող ջուրը, սառչելով, բյուրեղների էր վերածվում եւ բջջի կառույցին լուրջ վնաս հասցնում:

Նոր տեխնոլոգիան առաջարկում է ձվաբջիջը արագ սառեցնել, որպեսզի բյուրեղներ չառաջանան:

Ապագայում 20-25 տարեկան կանանց ձվաբջիջնբերի սառեցումը կարող է համատարած բնույթ ստանալ: Տարիքի հետ միասին կնոջ ձվաբջջի` քրոմոսոմային խախտումներ ձեռք բերելու հավանականությունը մեծանում է, մինչ վաղ տարիքից պահպանված ձվաբջիջները շարունակում են առողջ մնալ:

«Երեք ծնողների» էմբրիոնը կարող է որոշ հիվանդություններ կանխել

Ներկայումս ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը «երեք ծնողների» էմբրիոն փորձարկելու շուրջ քննարկումներ է վարում: Գործառույթն այն կանանց համար է նախատեսված, որոնց ձվաբջիջների միտոխոնդրիան տարբեր, մասնավորապես` թույլ տեսողություն, մկանների թուլություն եւ մազերի կորուստ հրահրող հիվանդություններ է կրում:

Հիշյալ մեթոդն առաջարկում է միտոխոնդրիալ հիվանդություն կրող կնոջ ձվաբջջի միջուկից ԴՆԹ վերցնելով` առողջ միտոխոնդրիա ունեցող կնոջ ձվաբջջի մեջ տեղակայել եւ ապա միայն` տղամարդու սպերմատազոիդի հետ բեղմնավորել:

Այդուհանդերձ, գիտնականները դեռեւս պատկերացում չունեն, թե երկարաժամկետ հեռանկարում ինչ հետեւանքներ կարող է հիշյալ մեթոդն ունենալ: Հաստատվելու դեպքում, գործընթացի օգնությամբ բեղմնավորում իրականացրած կանայք պետք է հասկական, որ որոշակի ռիսկի են դիմում:

Անպտղության դեմ բուժման ընթացքում հորմոնների օգնությանը ավելի քիչ կդիմեն

Նախքան արտաարգանդային բեղմնավորումը կանայք երկու շաբաթ մեծ քանակությամբ հորմոններ են ընդունում` ձվարանների արտադրությունը խթանելու համար: Արդյունքում նրանց մոտ կարող է փքվածություն, որովայնային ցավ, տրամադրության անկում, գլխացավ եւ այլ տհաճ հետեւանքներ նկատվել:

Ներկայումս արդեն հորմոնների առավել քիչ քանակով եւ սակավ ներարկումներով զուգակցվող փորձարարական տեխնոլոգիաներ են առաջարկվել: Եթե մինչ այժմ բժիշկները ստիպված էին այնքան սպասել, մինչեւ ձվարանը հասուն բջիջ արտադրի, ապա նորարարության հեղինակները պնդում են, որ կարելի է զարգացման առավել վաղ փուլում գտնվող ձվաբջիջներ վերցնել եւ արհեստական պայմաններում հասունացնել:

Այս պարագայում ոչ միայն առավել քիչ հորմոնների կարիք կլինի, այլ նաեւ` գործընթացի արժեքը կփոքրանա:

Փորձարարական տեխնոլոգիայի օգնությամբ արդեն շուրջ 1000 երեխաներ են ծնվել: Այդուհանդերձ, գիտնականները դեռեւս անելիքներ ունեն` գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Գենետիկ հետազոտությունը կարող է քաղցկեղի առաջացումը կանխելով` կյանքի տեւողությունը երկարաձգել

Գիտնականները օր առ օր տարբեր հիվանդությունների համար պատասխանատու գեներ են հայտնաբերում, ուստի էմբրիոնի հետազոտությունը հետագայում կարող է քաղցկեղի առաջացումը կանխելով` ապագա երեխայի կյանքի տեւողությունը երկարաձգել: 

Արդեն իսկ կասկած չի հարուցում, որ BRCA1 եւ BRCA2 գեները կրծքագեղձի եւ ձվարանի քաղցկեղի առաջացման ռիսկի նշանակալի  գործոն են հանդիսանում, եւ որոշ կլինիկաներում արտաարգանդային պայմաններում բեղմնավորված էմբրիոնների` հիշյալ գեների առկայությունը բացառող զտում է իրականացվում:

Ցողունային բջիջները կարող են սպերմատոզոիդ եւ ձվաբջիջ արտադրել

Լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ կենդանիների մաշկային բջիջները կարող են ցողունայինի վերածվել, որոնք էլ, իրենց հերթին, սպերմատոզոիդ եւ ձվաբջիջ արտադրելու կարողություն ունեն: Անգամ փորձել են դրանք ստերիլ մկների արգանդում տեղադրել, ինչի արդյունքում բեղմնավորում է տեղի ունեցել եւ առողջ մկնիկներ են ծնվել: 

Իհարկե` տասնամյակներ կտեւի, մինչեւ գիտնականները համոզվեն, որ նույն մեթոդը կարող է անվտանգ կերպով նաեւ մարդու պարագայում կիրառվել: Բայց հավանական է դառնում այն գաղափարը, որ ձվաբջիջներ չարտադրող կինը կարող է երեխա ունենալ` սպերմատոզոիդ չունեցող տղամարդուց:

Արգանդի փոխպատվաստումը կարող է տարբերակ լինել

Ընթացիկ տարվա առաջին ամիսներին Շվեդ բժիշկները ինը` առանց արգանդի ծնված կամ քաղցկեղի պատճառով արգանդազերծման ենթարկված կանանց օրգանի փոխպատաստման են ենթարկել: Ընդ որում, այս դեպքում դոնորները կենդանի մարդիկ` կանանց ազգականներն են եղել: Ճիշտ է` նրանք այսուհետ էլ չեն կարողանա բնական բեղմնավորման դիմել եւ պետք է գործընթացի արտաարգանդային լուծմանը ապավինեն: Մնում է հասկանալ, թե արդյոք էմբրիոնի հետագա ներպատվաստումը կարող է հղիությամբ ավարտվել:

Արգանդի փոխպատվաստումը հատկապես այն երկրներում կարող է լայն տարածում գտնել, որտեղ սուրոգատ հղիությունն արգելված է: Նախքան վիրահատությունը կանայք պետք է հատուկ դեղամիջոցներ ընդունեն, որպեսզի մարմինը չհրաժարվի նոր օրգանից: 

Ստեղծագործ երեխանե՞ր

Թեկուզեւ գենետիկ հետազոտությունների շնորհիվ ոչ միայն ապագա փոքրիկների ֆիզիոլոգիական տվյալները նախօրոք որոշելու, այլ նաեւ` «ստեղծագործ երեխաներ» ունենալու տեսական հնարավորություններ են ընձեռնվում, գիտնականներից դեռ երկար ժամանակ կպահանջվի` բարձր ինտելեկտի եւ ատլետիկ կարողությունների համար պատասխանատու գեները հայտնաբերելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել