• Latest news

Մոնոպոլիա՝ թանկարժեք դեղերի շուկայում. հեպատիտի դեմ դեղամիջոցի գինն ինչու՞ չեն իջեցնում

30 հուլիսի, 2014  22:31

Հայաստանում հեպատիտ Ց-ով հիվանդ հազարավոր մարդիկ կան, որոնք չեն կարող բուժվելու միջոց գտնել, քանի որ այն տարեկան մոտ 16 000 ԱՄՆ դոլար է պահանջում: Արդյունքում այդ մարդիկ կարող են ոչ միայն մահանալ, այլեւ նաեւ՝ երկրում համաճարակի բռնկման պատճառ դառնալ:

Ինչու՞ է հեպատիտ Ց-ի բուժումը Հայաստանում այդքան թանկարժեք: Մի՞թե հնարավոր չէ այն ավելի մատչելի դարձնել:

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության եւ հետազոտության խմբի համակարգող Հովհաննես Մադոյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել է, որ հեպատիտ Ց-ի հակավիրուսային բուժման համար հատուկ դեղամիջոց՝ շվեյցարական «Ռոշ» (Roche) եւ գերմանական «Մերկ» (Merck) ընկերությունների կողմից թողարկվող պեգիլացված ինտերֆերոն է օգտագործվում: Այս դեղամիջոցներն արդեն մոտ 12 տարի է, ինչ շուկայում են, սակայն, քանի որ արտադրողները դեռեւս պատենտ ունեն՝ դրանց արտադրության համար, ջեներիկ տարբերակներ շուկայում դեռեւս չկան, եւ վերոհիշյալ ընկերությունները շարունակում են թելադրել դեղամիջոցների գները:

Ռոշը, օրինակ, բարձր գինը դեղամիջոցի հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների թանկությամբ է պատճառաբանում: Սակայն, Հովհաննես Մադոյանի խոսքով, ընկերությունը նախապես հայտարարել է, որ հայտնաբերումը 2 մլդր ԱՄՆ դոլար է պահանջել: 12 տարվա ընթացքում կազմակերպությունն արդեն 20 մլրդ դոլարի դեղամիջոց է վաճառել: Կարծես թե նրանք արդեն ոչ միայն վերադարձրել են ծախսված գումարները, այլեւ՝ բավական մեծ շահույթ ստացել: Սակայն դեղամիջոցի գինը շարունակում է չափազանց բարձր մնալ:

Խնդրի համար, երեւի թե, երկու լուծում կա. ընդ որում, առաջինը կախված է այլ դեղարտադրող ընկերություններից, իսկ երկրորդը՝ Հայաստանի կառավարությունից:

Հովհաննես Մադոյանը հիշեցրել է այն մասին, թե տարիներ առաջ ինչ էր կատարվում ՄԻԱՎ վարակի բուժման ոլորտում. այդ բուժման տարեկան կուրսը նույնպես 15 000 ԱՄՆ դոլար եւ ավելի արժեր: Սակայն հայտնվեցին դեղագործական ընկերություններ, որոնք, խախտելով պատենտային իրավունքները, սկսեցին ջեներիկ դեղամիջոցներ արտադրել, որոնց գինը բավականին ցածր էր: Դա ստիպեց բրենդային ընկերություններին նույնպես իջեցնել իրենց արտադրանքի գինը եւ որոշակի համաձայնության գնալ:

Հենց դրա շնորհիվ էլ այսօր ՄԻԱՎ-ի համատարած բուժումը ողջ աշխարհում հնարավոր է դարձել:

Կա նաեւ հեպատիտ Ց-ի բուժումն առավել մատչելի դարձնելու մեկ այլ ճանապարհ: Հարկ է նշել, որ, երկարատեւ բանակցությունների արդյունքում, վերոհիշյալ ընկերությունն իր դեղամիջոցի տարեկան կուրսը Եգիպտոսին սկսել է ընդամենը 2500 դոլարով վաճառել: Վրաստանում նույնպես նման փորձ կա՝ պետական գնումների շրջանակներում մեր հարեւաններին հաջողվել է զգալիորեն նվազեցնել (մինչեւ մոտ 4000 դոլար) պեգիլացված ինտերֆերոնի գինը; ավելին՝ ներմուծողը պարտավորվել է նույն՝ իջեցված գնով բուժման հավելյալ 1000 կուրս վաճառել:

Այս եղանակով դեղամիջոցը մատչելի դարձնելու գործում կառավարության մեծ դերակատարում է պահանջվում: Ակտիվիստները կարծում են, որ վատ չէր լինի, եթե Հայաստանի կառավարությունը նույնպես բանակցեր դեղամիջոցն արտադրող եւ ներմուծող ընկերությունների հետ եւ համոզեր նրանց, որ, հայաստանցիների վճարողունակությունը հաշվի առնելով, զիջումների գնան եւ դեղամիջոցը Հայաստանին առավել ցածր գնով վաճառեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է