• Latest news

Հակաաթերոսկլերոտիկ դեղամիջոցներ եւ դիետա. պարզաբանում է մեր հայրենակիցը Կանադայից

9 օգոստոսի, 2014  23:46

Հակաաթերոսկլերոտիկ դեղամիջոցների եւ դիետայի արդյունավետության մասին, ինչպես նաեւ այն մասին, թե որ տարիքից է անհրաժեշտ դիետա պահել եւ ստուգել լիպոպրոտեինների քանակը, NEWS.am Medicine-ի հարցերին պատասխանում է նյարդաբան Հայրապետ Քալաշյանը՝ Կանադայի Ալբերտայի համալսարանի հիվանդանոցից։

«Ձեր կոմից նշված դեղամիջոցների խումբը ստատիններն են, որոնք նվազեցնում են արյան խոլեսթերինի մակարդակը` լյարդի կողմից վերջինիս արտադրությունը սահմանափակելու միջոցով: Ստատինները շրջափակում են այն ֆերմենտը, որը լյարդում նպաստում է խոլեսթերինի արտադրությանը: Ստատինների արդյունավետությունն ինսուլտների եւ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար ապացուցված է. Դրանք իջեցնում են ինսուլտների, ինֆարկտների հաճախականությունը եւ պակասեցնում մահացությունը:

Արյան խոլեսթերինի մյուս աղբյուրը, բացի լյարդից, դիետիկ խոլեսթերինն է, այսինքն սննդի միջոցով ստացած խոլեսթերինը: Սա նշանակում է, որ անկախ տարիքից պետք է առողջ եւ ճիշտ սնվել, աթերոսկլերոզի զարգացումը հնարավորինս կանխելու համար: Սակայն այստեղ շատ կարեւոր է նշել, որ աթերոսկլերոզը բավականին կոմպլեքս պրոցես է եւ ներառում է ոչ միայն արյան բարձր խոլեսթերինը: Օրինակ, պարզվել է, որ արյունատար անոթների պատերում բորբոքումների առկայությունը կարող է շատ կարեւոր գործոն լինել աթերոսկլերոզի համար: Պարզվել է նաեւ, որ ստատինները պակասեցնում են նաեւ այդ բորբոքումը, որը կարող է հանդիսանալ ստատինների արդյունավետության մեկ այլ կարեւոր հանգամանք:

Այստեղ մեկ այլ փաստ նույնպես շատ կարեւոր է:  Սրտի ինֆարկտով հիվանդների 35%-ը չունեն արյան բարձր խոլեսթերին, բայց ունեն աթերոսկլերոտիկ վահանիկ անոթներում: Այսինքն, միշտ չէ, որ աթերոսկլերոտիկ վահանիկի ձեւավորման համար անհրաժեշտ է արյան բարձր խոլեսթերինի մակարդակ: Այստեղից էլ հետեւում է, որ ստատինների կիրառման հիմնական նպատակը ոչ թե խոլեսթերինի քանակի իջեցումն է արյան մեջ, այլ աթերոսկլերոզի բարդությունների՝ ինսուլտի, ինֆարկտի կանխարգելումը: Այդ պատճառով էլ ներկայումս մի նոր ուղղություն է սկսել գործել, որ պետք է բուժել ոչ թե խոլեսթերինի բարձր քանակները, այլ եթե անոթներում առկա է աթերոսկլերոտիկ վահանիկ, այսինքն՝ աթերոսկլերոզ: Սա ավելի գործնական մոտեցում է:

Վերջում նշեմ, որ աթերոսկլերոզի բուժումը կոմպլեքս միջոցառում է եւ բացի ստատիններից շատ կարեւոր է ռիսկի գործոնների բուժումը: Այդպիսի գործոններն են արյան բարձր ճնշումը, դիաբետը, խոլեսթերինների մասին արդեն նշեցի:  Օրեկան 45 րոպեիս մեկ ժամ  միջին արագությամբ պարզապես քայլելը ամենաարդյունավետ միջոցներից է:  Իսկ չկարգավորվող ռիկի գործոնները տարիքն ու ընտանեկան պատմությունն են:

Այսքանից էլ հետեւում է, որ հատուկ տարիք չկա, երբ պետք է առողջ սնվել կամ հատուկ դիետա պահել: Իսկ խոլեսթերինը պետք է ստուգել, երբ կա խնդիր կամ դրա անհրաժեշտությունը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել