Կոլումբիայի համալսարանին կից գործող բժշկական կենտրոնի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ոսկրածուծի քաղցկեղի հազվագյուտ տեսակներից մեկի դեմ կիրառվող դեղամիջոցի՝ ռուքսոլիտինիբի (ապրանքանիշը՝ Ջակաֆի) օգնությամբ հնարավոր է օջախային ալոպեցիա անունը կրող աուտոիմունային հիվանդության հրահրմամբ ի հայտ եկող մազերի ֆոլիկուլների ոչնչացման դեմ արդյունավետ պայքար մղել, հաղորդում է NewsMax Health-ը:
Օջախային ալոպեցիան, անկախ սեռից, կարող է ցանկացած տարիքի մարդու մոտ ի հայտ գալ: Այս հիվանդությամբ ախտորոշված մարդկանց մոտ գլխավորապես գլխի, երբեմն նաեւ՝ դեմքի եւ մարմնի մազածածկույթի կորուստ է նկատվում: Փորձագետների վկայությամբ, հիշյալ՝ մտավոր եւ էմոցիոնալ սթրեսի առաջացման պատճառ համարվող ախտանշանի դեմ պայքարի որեւէ արդյունավետ միջոց դեռեւս չի գործարկվում:
Հետազոտության մասնակիցները, նաեւ եւ առաջ, իմունային համակարգի այն բջիջներն են բացահայտել, որոնք օջախային ալոպեցիայով տառապող մարդկանց մոտ մազաթափության պատճառ կարող են դառնալ: Այնուհետեւ պարզվել է, որ ոսկրածուծի՝ միելոֆիբրոզ անունը ստացած քաղցկեղի դեմ պայքարի նկատառումներով ԱՄՆ սննթամթերքի եւ դեղամիջոցների վարչության կողմից հավանության արժանացած դեղամիջոցը՝ ռուքսոլիտինիբը, հիշյալ բջիջները քայքայելու հատկություն ունի:
Լաբորատոր փորձարկումները նախապես մկների նկատմամբ են իրականացվել, եւ ապա՝ ագրեսիվ օջախային ալոպեցիայով տառապող (մազածածկույթի ավելի քան 30 տոկոսի չափով կորուստ) մի խումբ մարդկանց: Հինգ ամիս անց հիվանդներից 3-ի մոտ մազածածկույթի լիարժեք վերականգնում է արձանագրվել:
«Փորձարկումները դեռեւս նոր են սկսվել, սակայն եթե բոլոր դեպքերում դեղամիջոցի՝ արդյունավետ եւ անվտանգ լինելու վերաբերյալ ապացույցներ գտնենք, այն կարող է հսկայական ազդեցություն ապահովել հիվանդությամբ տառապող մարդկանց համար», - նշել է հետազոտության հեղինակ դոկտոր Ռաֆայել Կլինեսը՝ հավելելով, որ օջախային ալոպեցիան մինչ այժմ չափազանց թերի է ուսումնասիրվել:
Առ այսօր հիվանդության բուժման նպատակով ընդամենը երկու թիրախային կլինիկական փորձարկումներ են իրականացվել:
"
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր