• Latest news

Նկարչական թեստ՝ չորս տարեկան երեխաների համար. ինչի՞ մասին են արդյունքները վկայում

19 օգոստոսի, 2014  17:29

Ներկա դարաշրջանը «երեխաների նկատմամբ գերկենտրոնացած ծնողներով» է բնորոշվում, որոնք ամեն հնարավոր քայլի են պատրաստ՝ փոքրիկի սահուն զարգացումն ապահովելու համար: Բանը նրան է հասել, որ մտավոր կարողությունների՝ ճիշտ արագացմամբ զարգացման վերաբերյալ հետազոտություններ են մշակվում եւ իրականացվում: Դրանց շարքում իր պարզությամբ Լոնդոնի թագավորական քոլեջի գիտահետազոտական խմբերից մեկի ջանքերով մշակված հետազոտությունն է առանձնանում, որն առաջարկում է չորս տարեկան երեխայի մտավոր զարգացման տեմպերը սովորական նկարչական թեստի օգնությամբ որոշել, հաղորդում է Medical Daily-ն:

«Մարդիկ դեռ շատ վաղուց՝ 15 հազար տարի առաջ են նկարելու ունակություն ձեռք բերել: Այդ կերպ բոլորս փորձում ենք մեր մտքին եղածը շրջապատին հաղորդակից դարձնել: Պատկերներ վերարտադրելու կարողությունը միայն մարդուն է հատուկ եւ, ինչպես որ գիրը, տեղեկության պահպանման եւ քաղաքակրթության կառուցման հանգեցնող կոգնիտիվ կարողության նշան է», - մեկնաբանել է ուսումնական հաստատությանը կից գործող սոցիալական եւ գենետիկ հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող դոկտոր Ռոզալինդ Արդենը:

Վերը հիշատակված թեստը երեխաներին առաջարկում է… երեխա նկարել: Այնուհետեւ 0-12 բալանոց սանդղակով գնահատում է իրականացվում՝ կախված այն հանգամանքից, թե որքան մանրակրկիտ է նկարը ստացվել: Բացի այդ, եթե այն դիմային բաղադրիչներ՝ աչքեր եւ քիթ, ինչպես նաեւ մարմնի այլ մասեր՝ մազեր, ձեռքեր եւ ոտքեր է ներառում, հավելյալ մեկ միավոր է առաջարկվում: Երեխայի զարգացման տեմպերի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար, ի հավելումն, մի քանի բանավոր եւ այլ բնույթի հարցեր են տրվում:

Հետազոտության երկրորդ փուլում, 10 տարի անց, երբ նախնական փուլին մասնակից երեխաների 14-րդ տարեդարձն էր բոլորել, համալսարանականները նրանց նոր թեստեր են առաջարկել՝ մտավոր զարգացման առաջընթացի տեմպերը պարզելու նպատակով: Ստացված տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ նախնական թեստի արդյունքների օգնությամբ կարելի է առաջիկա տասը տարիներ համար որոշակի կանխատեսումներ անել, թեեւ դրա համար անհրաժեշտ կորելյացիոն կապը միջին ճշտություն է ենթադրում: 

«Նկարիր երեխա» թեստը դեռեւս 1920-ականներին էր առաջարկվում՝ երեխաների մտավոր կարողոթյունների չափման նպատակով, եւ ենթադրվում էր, որ այն պետք է կորելյացիոն կապ ունենա ուղեղի հնարավորությունների հետ: Մեզ համար զարմանալին այն էր, որ այդ կորելյացիան 10 տարվա ճշտությամբ է գործում», - նշել է դոկտոր Արդենը` հավելելով, որ ծնողները երեխայի գեղանկարչության որակներով անհանգստանալու կարիք չունեն, քանի որ մտավոր կարողությունների վրա բազմաթիվ այլ, այդ թվում՝ գենետիկ եւ սոցիալական գործոններ կարող են անդրադառնալ:

Ավելի քան 7700 երկվորյակ երեխաների շրջանում իրականացված հետազոտության արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ զույգերը, նկարչական որակների տեսանկյունից, որոշակի նմանություններով են աչքի ընկնում, ինչը գենետիկ կապի առկայության մասին ենթադրության տեղիք է տալիս: «Այդուհանդերձ, դա դեռ չի նշանակում, որ «նկարչական գեն» գոյություն ունի: Երեխայի նկարչական հատկանիշները այլ կարողությունների՝ դիտարկման, ինչո՞ւ չէ՝ նաեւ մատիտը բռնելու ձեւի արդյունք են: Մենք դեռ շատ հեռու ենք գենետիկ կոդի՝ մարդու վարքագծի վրա ազդեցության բոլոր ոլորտների մասին պատկերացում կազմելուց», - մեկնաբանել է դոկտոր Արդենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել