• Latest news

Գիտնականները ծերացումն արգելակող միջոց են գտել

12 սեպտեմբերի, 2014  21:35

Լոս Անջելեսում գործող Քալիֆորնիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները ծերացման գործընթացն արգելակելու, կյանքի տեւողությունը երկարաձգելու եւ տարիքի հետ կապված հիվանդությունների առաջացումը հետաձգելու միջոց են հայտնաբերել, հաղորդում է cnet.com-ը:

Դրոզոֆիլ ճանճերի նկատմամբ իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ կոնկրետ գենի ակտիվացման միջոցով հնարավոր է նրանց կյանքի տեւողության՝ 30 տոկոսի չափով երկարաձգման հասնել: Եթե գիտնականներին հաջողվի փորձարկումը նույն արդյունավետությամբ մարդկանց նկատմամբ կրկնել, երկրագնդի բանական բնակիչներն իրենց կյանքի միջին տեւողությունը 80 տարեկանից 104-ի հասցնելու, իսկ ծերունական հիվանդությունների առաջացման հավանականությունն էլ՝ էապես նվազեցնելու հրաշալի հնարավորություն կստանան:

Նոր տեխնոլոգիայի հիմքում միկրոաուտոֆագիայի գործընթացն է, որի ընթացքում բջիջը հին եւ վնասված նյութերից ազատվելու միտում է դրսեւորում: Մինչդեռ, ուղեղում մնալու եւ կուտակվելու դեպքում, հիշյալ «թափոնները» կարող են տարատեսակ, ներառյալ՝ Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդությունների առաջացում հրահրել: Այլ օրգաններում եւս անհարկի նյութերից ազատման գործընթացը կարող է դրանց նկատմամբ բարենպաստ ազդեցություն ապահովել: 

Նախընթաց հետազոտությունների արդյունքները ցույց էին տվել, որ ադենոզին մոնոֆոսֆատ-ատիվացվող պրոտեինկինազա (ԱՄՖԿ) անունը կրող ֆերմենտը աուտոֆագիայի գործընթացն ակտիվացնելու ներուժ ունի: Քալիֆորնիայի՝ Դեւիդ Ուոքերի գլխավորությամբ գործող համալսարանականները հիշյալ էֆեկտին նոր խթան հաղորդելու մտադրությամբ են վերը նկարագրված հետազոտությունը նախաձեռնել:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրոզոֆիլի նյարդային համակարգում առկա ԱՄՖԿ գենի ակտիվացումը մարսողական համակարգում ընթացող աուտոֆագիայի գործընթացին հավելյալ խթան հաղորդելու միջոց կարող է ծառայել: ԱՄՖԿ-ի՝ ներքին օրգաններում ակտիվացումն, իր հերթին, կարող է ուղեղում ընթացող աուտոֆագիայի գործընթացի խթանմանը հանգեցնել: Այսպիսով, հետազոտությամբ հաստատվել է, որ հիշյալ գործընթացը կարելի է հեռահար ազդեցությամբ գործի դնել:

Նմանատիպ փորձարկումների օբյեկտիվում առավել հաճախ դրոզոֆիլներն են հայտնվում, քանի որ նրանց օրգանիզմում կարելի է մարդու մոտ հիվանդություններ առաջացնող հոմոլոգիկ գեների մինչեւ 75 տոկոսը գտնել: Խնդրո առարկա հետազոտությունն ավելի քան 100 հազար միջատների նկատմամբ է իրականացվել:

Այդուհանդերձ, իրական արդյունքների մասին կարելի է միայն փորձարկումների՝ ֆիզիոլոգիապես մարդկանց նման կենդանիների նկատմամբ կրկնման պարագայում խոսել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել