Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2021 թվականից կազմակերպում է իր ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը: 2024 թվականի կոնգրեսի խորագիրն է՝ «Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»:
Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։
Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը կանցկացվի 2024թ. փետրվարի 3-4-ը՝ Հայաստանի տեսարժան վայրերից մեկում` Ջերմուկ քաղաքում։
Զեկույցներով հանդես կգան ավելի քան 50 մասնակիցներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Արգենտինայից, Վրաստանից և Իրանից:
Ներկա կլինեն ավելի քան 300 պատվիրականեր` ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն:
Ավանդույթի համաձայն 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կստանան գիտաթոշակ: Դրա գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցության վճարը հոգալու և այլնի համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր