• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի՝ 5 ամսով ուշացած ախտորոշում. կինը 750,000 ֆունտ է պահանջում հիվանդանոցից

24 նոյեմբերի, 2014  22:46

Կրծքագեղձի քաղցկեղից մահացող երիտասարդ կինը հայտարարում է, որ հիվանդության՝ անբուժելի դառնալու պատճառը բժշկի մոտ կոնսուլտացիայի՝ չափազանց ուշացումով նշանակումն է:

35-ամյա Քեթի Մայթումը 750 հազար ֆունտ ստեռլինգ է պահանջում՝ Ուելսի առողջապահական համակարգը կազմող հաստատություններից մեկի ղեկավարությունից՝ ախտորոշմանը հինգ ամսից ավել սպասեցնելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ ընդհանուր պրակտիկայի բժիշկը շտապ ուղեգրում է նախաձեռնել, հաղորդում է The Daily Mail-ը: 

Քեթին դեռեւս 2010թ.-ի հուլիս ամսին է ընտանեկան բժշկի օգնությանը դիմել, քանի որ մինչ այդ ուռուցք էր նկատել՝ ձախ կրծքագեղձին: Ընդհանուր պրակտիկայի բժիշկն անմիջապես օնկոլոգի մոտ էր ուղղորդել նրան:

Սակայն խորհրդատու-վիրաբույժ Վումիտի Մուրալիկրիշնանը՝ Ուելսի արքայադստեր հիվանդանոցից, ուղեգրի հրատապության մակարդակը նվազագույնի է հասցրել՝ ստուգմանը «հերթական» կարգավիճակ տալով: Ըստ ընտանեկան բժշկի կազմած ուղեգրի, Մեծ Բրիտանիայի առողջապահության եւ խնամքի առաջադիմության ազգային ինստիտուտի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն, Քեթին առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում պետք օնկոլոգի հետ հանդիպման նշանակվեր: Փոխարենը նա ստիպված է եղել մինչեւ 2011թ.-ի հունվար ամիսը սպասել՝ ուլտրաձայնային հետազոտությամբ պարզելու համար, որ արդեն բավականաչափ զարգացած քաղցկեղ ունի:

Արդեն անբուժելի հիվանդ համարվող կինը, ով երկու երեխայի մայր է եւ մտադիր է օրեր անց էլ զուգընկերոջ հետ հարաբերությունները ամուսնությամբ կնքել, չնայած վիրահատությանն ու քիմիաթերապիային, ընթացիկ տարվա ապրիլ ամսին տեղեկացել է, որ առջեւում ընդամենը մեկուկես տարվա կյանք ունի:

Այսօր Քարդիֆի Բարձրագույն դատարանում նրա՝ հետազոտության եւ բուժման ուշացման հետեւանքով անբուժելի դարձած քաղցկեղով հիվանդ լինելու հետ կապված մեղադրական հայցի շուրջ դատական լսումներն են մեկնարկել:

Տուժածի փաստաբանը պնդում է, որ պարոն Մուրալիկրիշնանը անփույթ է գտնվել՝ ստուգման անհրաժեշտությանը «հերթական» կարգավիճակ տալով եւ կնոջը կասկածվող քաղցկեղին հրատապ արձագանքման արժանանալու իրավունքից զրկելով, ինչի արդյունքում, համաձայն մեղադրական հայցը կազմող փաստաթղթերից մեկում նշված գնահատման, կինն իր կյանքի շուրջ… 44 տարիներից է զրկվել:

Սակայն խորհրդատու-վիրաբույժը հակառակ կարծիքն ունի՝ հարցի շուրջ: Բանն այն է, որ Քեթիի տատիկը եւ տատիկների ու պապիկների քույրերից մի քանիսը նույնպես կրծքագեղձի քաղցկեղ են ունեցել, սակայն ընդհանուր պրակտիկայի բժշկից ստացված ուղեգրում հիվանդության ընտանեկան պատմության վերաբերյալ որեւէ նշում չի գտնվել:

Ուելսի առողջապահության ծառայության ներկայացուցիչների գնահատմամբ, Վումիտի Մուրալիկրիշնանը Քեթիի հետազոտությունն առավելագույնը երեք ամսով կարող էր հետաձգել:

Նախօրերին Ուելսի կառավարությունը պաշտոնական վիճակագրության հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ նշվում է, որ երկրում օնկոլոգի մոտ ուղեգրված հիվանդների 85,1 տոկոսի պարագայում պահանջվող բուժման գործընթացն առավելագույնը 62-րդ օրն է մեկնարկում՝ ի համեմատություն Անգլիայի, որտեղ համարժեք ցուցանիշը 83,5 տոկոս է կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել