• Latest news

Նոր դեղամիջոցը հույսի շող է պարգեւում միզապարկի քաղցկեղով հիվանդներին

27 նոյեմբերի, 2014  19:30

Բրիտանացի գիտնականները քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկի դեմ պայքարի ճանապարհին ճեղքում գործադրելու մասին հայտարարությամբ են հանդես եկել:

Խոսքը միզապարկի ուռուցքի մասին է, որով ախտորոշված՝ մինչ այժմ անբուժելի համարվող հիվանդներին անգնահատելի օգնություն պարգեւող դեղամիջոց է հայտնվել. բազմաթիվ դեպքերում այն ուռուցքի չափերը փոքրացնելու, երբեմն էլ՝ բոլորովին վերացնելու հատկություն է դրսեւորում: Մեկ տարի առաջ փորձարկային բուժումը ստացած հիվանդներից մեկի մոտ հիվանդությունը մինչ այժմ էլ չի վերադարձել, հավաստիացնում է The Daily Mail-ը:

Միզապարկի քաղցկեղը հիվանդության՝ Մեծ Բրիտանիայում տարածվածությամբ՝ 7-րդ, բայց եւ հետազոտման տեսանկյունից՝ ամենաանտեսված տեսակն է հանդիսանում աշխարհում. վերջին 30 տարիներին դրա բուժման որեւէ նոր եղանակ չի հայտնաբերվել: 

Բացի այդ, հիվանությունը նաեւ քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկն է հանդիսանում. ամեն տարի այն ավելի քան 5 հազար բրիտանացու կյանք է խլում: Կամ էլ՝ 14 օրը մեկ:

Հիվանդությամբ ախտահարման 10 դեպքերից մեկի պարագայում ախտորոշումը չափազանց ուշ՝ հիվանդության՝ միզապարկից դեպի այլ օրգանները տարածումից հետո է տրվում, ինչի արդյունքում հիվանդները կարող են առավելագույնը 12-18 ամիս ապրել: Առաջարկվող քիմիաթերապիան խիստ սահմանափակ օգտակարություն ունի եւ կարող է բազմաթիվ՝ օրգանիզմի հյուծման հանգեցնող կողմնակի ազդեցություններ հրահրել: Եւ այդուհանդերձ, հիվանդներից շատերը նախընտրում են դիմանալ դրանց՝ կյանքի մնացյալ ամիսներից լավագույնը քաղելու համար: Թեեւ ոչ բոլորին է հաջողվում թունավոր դեղամիջոցների ծանր ազդեցությանը մինչեւ վերջ դիմանալ:

Ի հակադրություն քիմիաթերապիայի, նոր դեղամիջոցը շշմեցուցիչ արդյունքներ եւ նվազագույն կողմնակի ազդեցություններ է դրսեւորում:

Լոնդոնի Մարի թագուհու անվան համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամ Թոմ Փոուլզի դիտարկմամբ, նոր դեղամիջոցը «հեղափոխել է» միզապարկի քաղցկեղով հիվանդների կյանքը:

Խնդրո առարկա օրգանի ուռուցքը բազմաթիվ դեպքերում մարդու իմունային համակարգն անջատելու ներուժ դրսեւորող սպիտակուց է պարունակում: Նոր դեղամիջոցը, որ դեռեւս MPDL3280A աշխատանքային անվանումն ունի, համակարգի աշխատանքը միացնելու եւ քաղցկեղի նկատմամբ գրոհի խթանելու հատկությամբ է աչքի ընկնում:

Լոնդոնում գործող Բարթսի օնկոլոգիական ինստիտուտում կազմակերպված՝ անբուժելի համարվող հիվանդների ներգրավմամբ փորձարկումների ընթացքում նորահայտ դեղամիջոցը սպիտակուցը պարունակող ուռուցքների՝ ավելի քան 50 տոկոսի չափով կրճատման է հանգեցրել:

Ի զարմանս դեղամիջոցը մշակած գիտնականների, այն նաեւ հիշյալ սպիտակուցից զերծ ուռուցքների բուժման հարցում է բարձր արդյունավետություն դրսեւորել: Հատկանշական է, որ MPDL3280A-ն նաեւ քաղցկեղի մի շարք այլ տեսակների, մասնավորապես՝ հաստ աղիքի եւ մաշկի ուռուցքի բուժման տեսանկյունից է խոստումնալից թվում: Այդուհանդերձ, այն դեռեւս կլինիկական փորձարկումների երրորդ փուլին է սպասում եւ դժվար թե մոտ ապագայում դեղատներում հայտնվի: Թեեւ, տեղեկությունների համաձայն, ԱՄՆ առողջապահության ոլորտի պատասխանատուներն այնքան տպավորված են դեղամիջոցի դրսեւորած հատկանիշներով, որ պատրաստ են իրենց հավանությունը նախքան կլինիկական հետազոտությունների բոլոր արդյունքների ստացումը տալ: 

Նորահայտ դեղամիջոցը կրծքագեղձի քաղցկեղի «հրաշագործ դեղը»՝ Հերցեպտինը հեղինակած շվեյցարական Roche դեղագործական ընկերության ջանքերով է մշակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել