• Latest news

Հայաստանում եւ Վրաստանում ավելի լավ է չհիվանդանալ

23 փետրվարի, 2015  21:40

 

International SOS կազմակերպությունը հրապարակել է այն երկրների քարտեզը, որտեղ առողջապահական համակարգը հեռու է բավարար լինելուց եւ որտեղ ավելի լավ է այդ համակարգի ծառայությունների կարիքը չզգալ:

Կազմակերպության մասնագետները համոզված են, որ քարտեզը օգտակար կլինի ճանապարhորդների համար եւ հնարավորություն կընձեռի գնահատել հնարավոր վտանգները, որոնցով հղի է այս կամ այն երկիր ուղեւորվելը:

Աշխարհի բոլոր երկրները կազմակերպությունը բաժանել է հինգ մասի (սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար).

 

ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ

Այս գույնով նշված են զարգացող երկրները, որոնց խոշոր քաղաքներում կարելի է որակյալ բժշկական սպասարկում ստանալ: Այս երկրների խնդիրն այն է, որ ավելի հեռավոր քաղաքներում եւ գյուղերում առողջապահական համակարգը շատ թույլ է զարգացած: Այս երկրների շարքին են դասվել Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը եւ մի շարք այլ երկրներ:

ԿԱՆԱՉ

Կանաչ գույնով են քարտեզի վրա նշված այն երկրները, որտեղ կարելի է հանգիստ հիվանդանալ: Բժշկական ծառայությունների որակը այստեղ շատ բարձր է, համապատասխանում է միջազգային չափանիշներին, դեղորայքի հետ էլ խնդիրներ սովորաբար չեն լինում: Բացի այդ՝ ինֆեկցիոն հիվանդությամբ վարակվելու հավանականությունը այս երկրներում շատ ցածր է: «Կանաչ» այս երկրներն են Կանադան, ԱՄՆ-ն, մի շարք եվրոպական երկրներ, Ավստրալիան, Ճապոնիան:

ԴԵՂԻՆ

Դեղինով են նշված վտանգավոր երկրները: Այստեղ կան կլինիկաներ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխանող բուժում են առաջարկում, բայց կան նաեւ այնպիսիք, որոնց մատուցած ծառայությունների որակը բավականին ցածր մակարդակի վրա է:  Այստեղ առկա է նաեւ ինֆեկցիոն հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը՝ մասնավորապես խմելու ջրի միջոցով: Կազմակերպության մասնագետները այս շարքին են դասել Թուրքիան, Սաուդյան Արաբիան, որոշ եվրոպական երկրներ, Թայլանդը, Հարավային Կորեան, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ:

ԳԱԶԱՐԱԳՈՒՅՆ

«Գազարագույն» երկրների շարքին են դասված հատկապես վտանգավոր երկրները: Բժշկական ծառայությունների որակը այստեղ այնքան էլ լավը չէ, որոշ կարեւոր դեղեր շատ դժվար է գտնել, իսկ երբեմն էլ դրանք պահպանվում են ոչ պատշաճ պայմաններում: Բացի այդ՝ այս երկրներում շատ բարձր է որեւէ ինֆեկցիոն հիվանդությամբ վարակվելու վտանգը: Այդ երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Մոնղոլիան, մի շարք ասիական եւ աֆրիկյան երկրներ:

ԿԱՐՄԻՐ

Կարմիր գույնով կազմակերպության մասնագետները քարտեզի վրա նշել են ծայրաստիճան վտանգավոր երկրները, որտեղ բժշկական օգնություն ստանալ, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի նորմալ կլինիկաների բացակայության կամ շատ բարձր գների պատճառով: Որակյալ դեղերն այստեղ գրեթե բացակայում են, իսկ ինֆեկցիաները շատ են: «Կարմիր» ցուցակում ընդգրկվել են Հյուսիսային Կորեան, Սիրան, Իրաքը եւ Աֆղանստանը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է