• Latest news

«Պետք չէ ինձ խղճալ». 9–ամյա Ալինան պայքարում է Հոջկինի լիմֆոմայի դեմ

9 փետրվարի, 2016  01:55

Շատ երեխաներ կամակորություն են անում, երբ նրանց ներարկում են անում, արյուն վերցնում կամ կաթիլային միացնում: Ալինան, սակայն, այդպիսին չէ. նա ոչ միայն առանց տրտնջալու դիմանում է բժիշկների նշանակած բուժմանը, այլեւ գոտեպնդում է մյուս երեխաներին եւ նրանց խնդրում է լաց չլինել:

9 տարեկան Ալինան բուժվում է Հոջկինի լիմֆոմայից  (լիմֆոգրանուլեմատոզ), որն ավշային հյուսվածքի չարորակ հիվանդություն է: Քիմիաթերապիան, մշտական անալիզները եւ հետազոտությունները լուրջ սթրես են ցանկացած չափահասի համար, իսկ երեխայի համար` առավել եւս: Բայց հաղթանակի տրամադրված աղջիկը ոչ միայն առանց նվնվալու դիմանում է բոլոր պրոցեդուրաներին ու դրանց կողմնակի հետեւանքներին, այլեւ ինքն է հույս տալիս հարազատներին:

«Երբ նոր էինք Հայաստան եկել, ես հաճախ լաց էի լինում,–  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Ալինայի մայրը` Լենան: – Երեխան յուրաքանչյուր ծնողի ամենաթույլ տեղն է, եւ ինձ համար շատ ցավալի էր գիտակցել, որ երեխաս նման հիվանդություն ունի: Մի անգամ, երբ լաց էի լինում, Ալինան, որն այդ ժամանակ ամբողջ օրը պառկած էր, նստել չէր կարողանում, չգիտեմ ոնց` իր մեջ ուժ գտավ, բարձրացավ տեղից ու ասաց.  «Մամ, էլ չեմ ուզում քո աչքերում արցունքներ տեսնել: Մի լացի, ես բուժվելու եմ»»:

Ալինան չի հանդուրժում իր հանդեպ խղճահարությունը. նրան դուր չի գալիս, երբ այցելողները արտասվում են ու խղճում իրեն: «Պետք չէ ինձ խղճալ» - ասում է նա:

Ալինան եւ իր ընտանիքը Բելառուսում են ապրում, հենց այնտեղ են մինչեւ այդ լիովին առողջ աղջկա մոտ տարօրինակ ախտանիշներ ի հայտ եկել. նրա մոտ աչքի շլություն են նկատել, նյարդաբանն ասել է, որ աղջիկն էնցեֆալիտ ունի` գլխուղեղի բորբոքում: Մի շարք անալիզներից, ՀՏ հետազոտությունից եւ պունկցիայից հետո էնցեֆալիտը չի հաստատվել, բայց բժիշկները պնդել են, որ բուժումն անհրաժեշտ է, եւ նրան հորմոնային դեղամիջոցներ են նշանակել: Հետո հանկարծ աղջկա կողքը սկսել է ցավել, ջերմությունը բարձրացել է: Պարզվել է, որ հորմոնային բուժման հետեւանքով նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացել: Ճիշտ է, դա անմիջապես չի ախտորոշվել. նախ բժիշկները որոշել են, որ աղջիկը կույր աղիքի բորբոքում ունի եւ նրան տեղափոխել են մանկական վիրաբուժական կլինիկա: Լենան պնդել է, որ աղջիկը ոչ թե կույր աղիքի բորբոքում ունի, այլ թոքերի հետ կապված խնդիր, սակայն բժիշկներն իրենց ախտորոշմանը չկասկածելով աղջկան տեղափոխել են վիրահատարան:

Սովորաբար կույր աղիքի վիրահատությունները մոտ քառասուն րոպե են տեւում, բայց Լենայի մոտ բժիշկներն իջնում են միայն երկու ժամ անց. «Ձեր աղջկա մոտ ոչ թե կույր աղիքի բորբոքում է, այլ թոքաբորբ»:

Աղջկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են Վերակենդանացման բաժանմունք, որտեղ 9 օր նա մնում է անգիտակից վիճակում, արհեստական շնչառության սարքին միացված: Հակաբիոտիկների հսկայական չափաբաժինները թուլացնում են աղջկա իմունիտետը եւ հանգեցնում մի շարք երկրորդային հետեւանքների:

Բելառուս բժիշկները նրա մոտ նաեւ բնածին իմունոդեֆիցիտ են ախտորոշում, չնայած, ինչպես պնդում է աղջկա մայրը, մինչեւ այդ նա առողջ էր, իմունային համակարգի հետ կապված խնդիր չուներ:

Սեպտեմբերի 9-ին` իր ծննդյան օրը, Ալինան ուշքի է գալիս, արհեստական շնչառության սարքն անջատում են: Ճիշտ է, դրանից հետո նրա պարանոցին տարօրինակ գոյացություն է հայտնվում. աղջկա մոտ Հոջկինի լիմֆոմա են կասկածում:  

Բժիշկների այդ ենթադրությունը լսելուց հետո Լենան աղջկա հետ Հայաստան է գալիս։

Հայ բժիշկներն աղջկան հետազոտելով անմիջապես հերքում են ինչպես էնցեֆալիտը, այնպես էլ իմունոդեֆիցիտը: Բայց Հոջկինի լիմֆոման հաստատվում է. 4-րդ փուլում:

Աղջիկն այդ ժամանակ ծայրահեղ ծանր վիճակում էր, նա սաստիկ նիհարել էր, թուլացել, ամբողջ օրը պառկած էր, ուժ չուներ նույնիսկ անկողնուց վեր կենալու: Քայլել չէր կարողանում եւ դադարել էր խոսել:

Լենան աղջկան տանում է հայաստանյան կլինիկաներից մեկը, որտեղ մասնագետները, Ալինայի վիճակին ծանոթանալով, հրաժարվում են ստանձնել նրա բուժումը: Այդ ժամանակ Լենան դիմում է Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ Մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը, ուսումնասիրելով նրա փաստաթղթերը եւ նախորդ հետազոտությունների արդյունքները, որոշում է ռիսկի դիմել եւ սկսում է աղջկա բուժումը: 

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց աղջկա բուժող բժիշկ Անահիտ Բաղդասարյանը, երբ Ալինային բերեցին իրենց բաժանմունք, աղջկա վիճակը ծայրահեղ ծանր էր։ Նա ավշային համակարգի ծանր ախտահարում ուներ, լյարդի խնդիրներ, ասցիտ` որովայնի խոռոչում 2 լիտր հեղուկի կուտակում, աջակողմյան հիդրոտորաքս, մեզի գրեթե լիակատար բացակայություն: Նա չէր քայլում եւ չէր ուտում:   

Սովորաբար նման վիճակում գտնվող հիվանդներին քիմիաթերապիա չեն նշանակում. շատ փոքր է հավանականությունը, որ նրանք կդիմանան։  Սակայն բժիշկները որոշում են ռիսկի դիմել: 

«Մենք որոշեցինք, որ նրա համար պիտի անենք ամեն հնարավորը եւ որ կպայքարենք նրա կյանքի ամեն օրվա համար», - ասաց բժիշկ Բաղդասարյանը: 

Քիմիաթերապիայի հենց առաջին կուրսից հետո աղջիկն ուտելու ցանկություն է հայտնում։ Լենան անչափ ուրախ էր. Ալինան վաղուց ոչինչ չէր կերել կամ խմել:

Աղջիկն արդեն քիմիաթերապիայի 4  կուրս է ստացել, եւ արդյունքները զարմացրել են նույնիսկ բժիշկներին: Եթե նախկինում Ալինան ամբողջ օրը պառկում էր, այժմ, մոր խոսքով, նրան կրկին սկսել է հետաքրքրել շրջապատող աշխարհը. արդեն վեր է կենում, խաղում, հեռուստացույց դիտում, խոսում, փորձում քայլել, իհարկե` հարազատների օգնությամբ: 

«Քիմիաթերապիայի ամեն կուրսից հետո նրա մոտ հսկայական փոփոխություններ եմ նկատում, - ասում է Լենան: – Նա գնալով ավելի քիչ է քնում ցերեկը, ավելի շատ է խաղում, նույնիսկ երգում է: Ես շատ շնորհակալ եմ բժիշկներին»:

Բժիշկ Անահիտ Բաղդասարյանը եւս հաստատեց, որ բուժման արդյունքները լավն են. ավշային հանգույցները փոքրացել են, թոքերը եւ լյարդը նորմալ վիճակում են, որովայնի խոռոչում համարյա հեղուկ չի մնացել: Իհարկե, եթե աղջկա մոտ ավելի վաղ ախտորոշեին լիմֆոման, նրա վիճակը թերեւս ավելի լավ կլիներ: Բայց փառք Աստծո, նա բուժմանը նույնիսկ ավելի լավ է արձագանքում, քան բժիշկները կարող էին հուսալ: Աղջիկը չի հուսահատվում, խիզախաբար տանում է բուժման բոլոր բարդությունները եւ կողմնակի հետեւանքները:

Հիվանդանոցի ճաշարանում Լենան եւ Ալինան ծանոթացել են այլ հիվանդների եւ նրանց հարազատների հետ: Լենայի խոսքով, նրանց հետ շփումը ծայրաստիճան կարեւոր է. նրանք աջակցում են իրար, օգնում են դժվար պահին, ուրախանում են հաջողության եւ առաջընթացի համար, միասին նշում են տոներն ու հաճախ  փորձում են  բուժվող երեխաների համար ուրախ եւ դրական որեւէ բան կազմակերպել: Վերջերս Ալինայի հետ բուժվող  երեխաներից մեկն ավարտել է քիմիաթերապիայի կուրսը, եւ հետազոտությունները ցույց են տվել, որ նա առողջ է: Իհարկե, նա դեռ մի քանի տարի պիտի բժիշկների հսկողության տակ լինի, բայց այդ լուրը մեծ ուրախություն էր բոլորի համար եւ ուժ ու հույս տվեց մյուս հիվանդներին եւ նրանց հարազատներին: 

Լենան նշեց նաեւ, որ իր կարծիքով Հայաստանում շատ լավ բժիշկներ կան, բայց պակասում է ժամանակակից տեխնիկան եւ սարքավորումները, որ առկա են շատ այլ երկրների առաջատար կլինիկաներում: Օրինակ, ավշային հանգույցների ՀՏ-ի համար Հայաստանից ստիպված են լինում Մոսկվա մեկնել: 

«Ես կուզեի, որ մարդիկ գնահատեին մեր բժիշկներին եւ ցանկացած հիվանդության դեպքում կարողանային  հետազոտվել ու բուժվել  այստեղ` Հայաստանում, որպեսզի այլ երկրներ մեկնելու անհրաժեշտություն չլիներ», - ասում է Լենան:

Նման իրավիճակում հայտնված ծնողներին Լենան խորհուրդ է տալիս. 

«Ուժեղ եղեք եւ ամեն օր աղոթեք ձեր երեխաների համար: Մի կոտրվեք, ոչ մի դեպքում մի հանձնվեք, առաջ գնացեք գլուխը բարձր: Նույնիսկ եթե մեր երեխաները հիվանդ են, մենք պիտի հավատանք եւ հուսանք, որ կառողջանան: Աստծո օգնությամբ նրանք բոլորն անպայման կբուժվեն»:

Ամալյա Գաբրիելյան

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել