• Latest news

5 հետաքրքիր փաստ Զիկա վիրուսի մասին

14 փետրվարի, 2016  01:48

Ամբողջ աշխարհն այսօր Զիկա վիրուսի մասին է խոսում, որն աներեւակայելի արագությամբ նորանոր երկրներ է գրավում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս վիրուսի մասին 5 փաստ, որոնք բոլորը պիտի իմանան: 

1. Զիկա վիրուսն իրենից ինչ է ներկայացնում եւ ինչով է այդքան վտանգավոր 

Զիկան ֆլավիովիրուս է, որը մաս է կազմում վիրուսների նույն ընտանիքին, որոնք  դեղին տենդ, Արեւմտյան Նեղոսի տենդ, չիկունգունյա եւ դենգե են առաջացնում: Սակայն ի տարբերություն շատ վիրուսների, Զիկայի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: Բուժող դեղամիջոցներ` եւս:  

Զիկա վիրուսը վտանգավոր է նրանով, որ կարող է միկրոցեֆալիա առաջացնել այն երեխաների մոտ, որոնց մայրերը վարակվել են հղիության ընթացքում: Միկրոցեֆալիան նյարդաբանական խանգարում է, որի դեպքում երեխայի գլուխը նորմայից անհամեմատ փոքր է լինում, ինչն ուղեկցվում է զարգացման լուրջ շեղումներով:  

Անցյալ տարվա նոյեմբերից Բրազիլիայում միկրոցեֆալիայի արդեն   404 դեպք է գրանցվել: Համեմատության համար, 2014-ին երկրում միկրոցեֆալիայի ընդամենը   146 դեպք կար: Առայժմ չհաստատված դեպքերն անհամեմատ ավելի շատ են` ավելի քան  3500:

2. Վիրուսն ինչպես է փոխանցվում

Սովորաբար Զիկա վիրուսը փոխանցվում է Aedes մոծակի խայթոցից: Սակայն կարծիք կա, որ վիրուսը փոխանցվում է նաեւ սեռական ճանապարհով. ԱՄՆ-ում արդեն գրանցվել է վիրուսի փոխանցման մեկ դեպք:  

Բացառված չէ նաեւ, որ վիրուսը կարող է փոխանցվել արյան եւ մարմնի այլ հեղուկների միջոցով: Արյան մեջ վիրուսը պահպանվում է մեկ շաբաթ, դեռ պետք է պարզել, թե ինչքան է ապրում սերմնահեղուկում: 

3. Ի՞նչ երկրներում է տարածված Զիկա վիրուսը

ԱՀԿ-ի եւ ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով, Զիկա վկրուսն այսօր տարածված է Բարբադոսում, Բոլիվիայում, Բրազիլիայում, Կանաչ Հրվանդանում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Կյուրասաոյում, Դոմինիկյան Հանրապետությունում, Էկվադորում, Սալվադորում, Ֆրանսիական Գվինեայում, Գվադելուպում, Գվատեմալայում,  Գայանայում, Հաիթիում, Հոնդուրասում, Ճամայկայում, Մարտինիկում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Պանամայում, Պարագվայում, Պուերտո Ռիկոյում, Սեն Մարտեն կղզում, Սուրինամում, Սամոայում, Տոնգոյում, ԱՄՆ-ի Վիրգինյան կղզիներում եւ Վենեսուելայում:  

ԱՄՆ-ում եւս գրանցվել են վարակման դեպքեր, սակայն մեծամասնությունը վարակվել է վերոհիշյալ երկրներ ուղեւորության ընթացքում: Արժե նշել, որ ԱՄՆ-ի շատ երկրներում մոծակներ կան, որոնք փոխանցում են Զիկա վիրուսը: 

4. Ինչպես է հնարավոր պաշտպանվել Զիկա վիրուսից

Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի, այդ պատճառով չվարակվելու համար միայն մի բան կարելի է անել` չգնալ այն երկրներ, որտեղ տարածված է վիրուսը:  Մասնագետները նաեւ խորհուրդ  են տալիս արեւից պաշտպանող քսուքներից բացի,  ռեպելլենթ քսել, ամուր երկար տաբատ կրել եւ երկար թեւքերով վերնաշապիկ: 

Բոլոր այս կանոններին հետեւել խորհուրդ է տրվում նաեւ նրանց, ովքեր արդեն վարակվել են վիրուսով. դա կօգնի կանխարգելել վարակի տարածումը եւ այլ մարդկանց վարակումը: 

5. Ինչ է արվում Զիկա վիրուսի տարածումը կանգնեցնելու համար 

Ամբողջ աշխարհից մասնագետներ են աշխատում Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Շատերը հույս ունեն, որ արդեն այս տարի հնարավոր կլինի սկսել պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: 

Այն երկրներում, որտեղ վիրուսը տարածված է, մոծակների դեմ պայքարի ավանդական մեթոդներ են կիրառում` թունաքիմիկատներ,  ինչպես նաեւ դատարկում են չհոսող ջրով ջրամբարները, որտեղ բազմանում են մոծակները: Մասնագետները բոլոր մարդկանց կոչ են անում ազատվել իրենց տների շուրջը նման ջրավազաններից: Նույնիսկ ծաղիկներով ծաղկամանը կարող  է իր մեջ վտանգ պարունակել, որովհետեւ մոծակները, որոնք սովոր են ապրել մարդկանց կողքին, բազմանում են նույնիսկ այդ ծաղկամաններում, եթե դրանցում ջուր կա:    

Վերջերս գիտնականները Aedes aegypti մոծակների արուների փոփոխված գենով տարբերակ էին ստեղծել. նրանք այնպիսի գեն ունեն, որի հետեւանքով իրենց սերունդները մեռնում են: Քանի որ այս մոծակների էգերը զուգավորվում են ընդամենը մեկ անգամ, կարծիք կա, որ նման` փոփոխված արուների տարածումը կօգնի նվազեցնել այդ մոծակների պոպուլյացիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել