Գիտնականները երջանկության եւ բարօրության գեներ են հայտնաբերել

22 ապրիլի, 2016  20:42

17 երկրի գենետիկների միջազգային խումբը գենետիկական տարբերակներ է հայտնաբերել, որոնք պայմանավորում են երջանկության, բարօրության զգացումը, դեպրեսիան եւ նյարդայնությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են   Nature Genetics ամսագրում:

Գիտնականներն ընդհանուր առմամբ հետազոտել են  300 հազար մարդու գենոմային տվյալները:  Գիտնականները գենետիկական երեք տարբերակ են հայտնաբերել, որոնք կապված են սուբյեկտիվ բարօրության հետ, այսինքն թե մարդն իրեն որքանով է երջանիկ զգում: Հայտնաբերվել է նաեւ երկու գեն, որոնք կապված են դեպրեսիվ ախտանիշների հետ, եւ 11 գեն` նյարդայնության: 

Սակայն գենետիկները կոչ են անում զգուշություն պահպանել հետազոտության արդյունքները մեկնաբանելիս: Գենետիկական տարբերակները բոլորովին էլ  100 տոկոսով չեն կանխորոշում, թե ինչ-որ մեկի մոտ դեպրեսիա կզարգանա, նեւրոզներ կամ էլ երջանկության անբավարար զգացում: Գեներն ընդամենը գործոններից մեկն են, որոնք ազդում են այդ հատկանիշների վրա, բայց շրջակա միջավայրը եւս բավարար ազդեցություն է թողնում եւ կարող է փոխազդել ժառանգական էֆեկտների հետ: 

Աշխատանքի արդյունքները այդ փոխազդեցությունների ուսումնասիրման նոր ուղիներ են ի հայտ բերում: Գիտնականները նախատեսել են ապագայում բացահայտել հայտնաբերված գեների աշխատանքի մեխանիզմը` հասկանալու, թե ինչու են որոշ մարդիկ մեծ մասամբ կենսաբանորեն կանխատրամադրված իրենց բարեկեցիկ զգալու, իսկ մյուսները` ոչ: 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Genetics ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում