Հնդկաստանում «ձկան թեփուկներով» երեխա է ծնվել (ֆոտո)

18 հունիսի, 2016  10:55

Հնդկական Նագպուր քաղաքում անսովոր կերպով հաստ եւ կոշտ, ձկան թեփուկներ հիշեցնող մաշկով աղջիկ է ծնվել: Խորը ճաքերով սպիտակ շերտը ծածկում է նրա ամբողջ մարմինը: Գենետիկական խանգարումը, որով նա ծնվել է, կոչվում է առլեկինի իխտիոզ: 

Ֆերմերների երիտասարդ ընտանիքի աղջիկը ժամանակից շուտ է ծնվել, այդ պատճառով նրա մոտ, բնածին լուրջ հիվանդությունից բացի, դիտարկվում է որոշ օրգանների անհասություն. ձեռքերի եւ ոտքերի մատները հազիվ են ձեւավորված, լիարժեք քթի փոխարեն երկու անցք է, ականջները բացակայում են, կոպերը շրջված են, իսկ բերանը ձկան բերան է հիշեցնում:  Քանի որ մաշկի եղջերացումները թեփուկների են նման, հիվանդությունը կոչել են իխտիոզ կամ  «ձկան թեփուկների համախտանիշ»:

Ներկայումս նրա մաշկի նմուշները հանձնել են Սալվայում գտնվող Բժշկական գիտությունների ինստիտուտ ՀՁ. անալիզների շարքը թույլ կտա մոտ ժամանակներս պարզել նրա առողջական վիճակը: Իսկ առայժմ աղջիկը նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է: 

«Նման երեխաները վարակների հակում ունեն եւ հաճախ մահանում են փոքր հասակում: Նրա մաշկն անընդհատ վազելինով խոնավեցնում են: Այս պահին մենք նույնիսկ վստահ չենք, թե նա ակնախնձորներ ունի: Կանխատեսումներ էլ չենք անում», - այս հազվագյուտ դեպքը մեկնաբանել է մանկաբույժ Յաշ Բանաիտը: 

Ծնված աղջիկը 23-ամյա կնոջ եւ նրա 27-ամյա ամուսնու առաջին երեխան է: Ընտանիքն աղքատության մեջ է ապրում գյուղում, այդ պատճառով կինը հղիության ընթացքում ոչ մի անգամ բժշկի չի գնացել: Առլեկինի իխտիոզը հնարավոր է հայտնաբերել արդեն հղիության չորրորդ ամսում: 

Բժիշկների խոսքով, սա Հնդկաստանում առլեկինի իխտիոզով ծնված առաջին երեխան է: Այդ երկրում նման դեպքի  մասին հաղորդվել էր նաեւ 2014-ին, սակայն այդ անգամ նորածինը մահացել էր, մինչեւ բժիշկները կհասցնեին զննել նրան եւ ախտորոշում կատարել:  

Տվյալ խանգարմամբ առաջին մարդը, որի մասին տեղեկություն է պահպանվել, ծնվել է  1750 թվականին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում