Երեխաները կարող են բառերը հիշել վեց ամսականից. հետազոտություն

24 հոկտեմբերի, 2016  11:58

Հայտնի է, որ կյանքի առաջին տարում փոքրիկները փորձում են սովորել ճանաչել հնչյունները, տոնայնությունը, կոնկրետ լեզվում բառերի վերջավորությունն ու շեշտադրությունը: Սակայն Նյու Յորքի Ազգային գիտական հիմնադրամի եւ Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները կարծում են, որ փոքրիկները կարող են տեղեկությունը տեսակավորել նույնիսկ այն դեպքում, երբ միաժամանակ մի քանի լեզու են սովորում:

Իրենց հետազոտությունների համար մասնագետներն ուսումնասիրել են 6-ից 30 ամսական երեխաների ունակությունները:

Նախորդ հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ 6 ամսական երեխան կարող է չհասկանալ բառերը, եւ խոսքը միայն զգայական ընկալել, մատուցման ձեւի եւ տոնայնության միջոցով: Համարվում էր նաեւ, որ փոքրիկը սկսում է բառերն ուսումնասիրել 9-10 ամսականում, սակայն նոր հետազոտությունը հակառակն է ապացուցել:

Փորձերի ընթացքում 6 ամսական փոքրիկին ծնողների հետ նստեցրել են համակարգչի էկրանի առջեւ: Այնուհետեւ սկսել են փոքրիկին միրգ կամ մարդու դեմք ցուցադրել: Երբ գիտնականները ծնողներին հարցրել են, թե որտեղ է խնձորը, սարքերը ֆիքսել են երեխայի հայացքը: Մասնագետները նկատել են, որ երբ ծնողներն ասել են բառը, երեխաների մեծ մասը հենց խնձորին է նայել:

Այսպիսով, պարզվել է, որ փոքրիկները հրաշալի կհասկանան լեզուն, եթե նրանց այդ պահին հետաքրքիր ինչ-որ բանով զբաղեցնել՝ ուշադրությունը կենտրոնացնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում