Գիտնականները ջրիմուռներից արհեստական մաշկ են ստեղծել

22 դեկտեմբերի, 2016  10:44

Santiago's Catholic University of Chile-ի պրոֆեսորը արհեստական մաշկ է ստեղծել, որն սկզբունքորեն տարբերվում է նախկին բոլոր մշակումներից: Այն ստեղծվել է միկրոջրիմուռների հիմքով, որոնք բնակվում են մաքուր ջրում եւ ծովային էկոհամակարգերում: Ի տարբերություն արհեստական մաշկի այլ տարբերակների՝ Թոմաս Էգանի ստեղծած արհեստական կանաչ մաշկը (ինչպիսին կոմիքսների հայտնի հերոս Խալկինն է) ընդունակ է ֆոտոսինթեզի միջոցով թթվածին արտադրել, իսկ եթե այն գենետիկորեն մոդիֆիկացվի, ապա ոչ միայն թթվածին, այլ նաեւ, օրինակ, հակաբորբոքային եւ վերականգնող ազդեցությամբ հակաբիոտիկներ եւ մոլեկուլներ:

Արհեստական մաշկ ստեղծողները վաղ թե ուշ լուրջ խնդրի են բախվում. արյունատար անոթների բացակայության պատճառով մաշկը թթվածնային սնուցում չի ստանում: Թոմաս Էգանը նշել է, թե պարզ չէ՝ արհեստական մաշկն ինչպես կկարողանա մարմնին սերտաճել առանց թթվածնի եւ որքան երկար կենսունակ կմնա: Պրոֆեսոր Էգանի արտադրության մաշկում ջրիմուռները մինչեւ 10 օր են ապրում, այդ ընթացքում փոխպատվաստը «սերտաճում» է մարմնին եւ կանաչ գույնը կորցնում: Պրոֆեսորի կարծիքով՝ այսպիսի մաշկի օգնությամբ կարելի է բուժել զանազան վնասվածքներ՝ այրվածքներից մինչեւ բաց վերքեր: Այն չի խոչընդոտում վերքին օդի հասանելիությանը եւ դրանով իսկ նպաստում է ապաքինմանը՝ թույլ չտալով, որ օրգանիզմ ինֆեկցիաներ ընկնեն:

Բելգիացի պլաստիկ վիրաբույժ Հայդի Դեբելսը ջրիմուռային մաշկը «կրեատիվ լուծում» է անվանել: Նրա խոսքով՝ վերքի վրա դրված արհեստական մաշկը սովորաբար վնասված հյուսվածքներին խանգարում է թթվածին եւ սնուցող նյութեր ստանալ, սակայն պրոֆեսոր Էգանի մշակումը նման թերություններից զերծ է: Ջրիմուռային մաշկն արդեն թեստավորվել է կենդանիների վրա: Բացառված չէ, որ 2017 թվականին փորձարկումներ կսկսվեն մարդկանց մասնակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում