Ինսեկտիցիդները կարող են հանգեցնել դիաբետի առաջացման

21 հունվարի, 2017  10:48

Ինսեկտիցիդներում եւ այգեգործության մեջ օգտագործվող այլ նյութերում առկա քիմիական միացությունները մեծացնում են դիաբետի առաջացման վտանգը: Բուֆալոյի համալսարանի գիտնականների խոսքով՝ այդ քիմիկատները միանում են կենսաբանական ժամացույցը կառավարող ռեցեպտորներին եւ բացասաբար ազդում մելատոնինի ռեցեպտորների ազդանշանային ակտիվության վրա, ինչն էլ հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների:

Հայտնի է, որ ցիրկադային ռիթմի կամ կենսաբանական ժամացույցի խախտումը ոչ միայն քնի հետ կապված խնդիրներ է առաջացնում, այլեւ մեծացնում է դիաբետի եւ նյութափոխանակության այլ խանգարումների առաջացման վտանգը, սակայն գիտնականներին առայժմ լիովին հասկանալի չէ, թե ինչու է նման բան տեղի ունենում:

Փորձագետները երկու թունավոր նյութ են ուսումնասիրել՝ կարբարիլ եւ կարբոֆուրան: Բազմաթիվ զարգացած երկրներում այս ինսեկտիցիդներն արգելված են, բայց կան երկրներ, որտեղ շարունակում են կիրառել դրանք:

Գիտնականները պարզել են, որ այս ինսեկտիցիդները կառուցվածքով նման ան մելատոնինին: Այդ պատճառով դրանք կարող են ընտրողաբար միանալ մելատոնինի ռեցեպտորին (MT2), ազդել ինսուլինի արտազատման վրա: Այն կապ ունի օրվա ժամանակահատվածի հետ, եւ եթե ցիրկադային ռիթմերը խախտվում են երկարատեւ ժամանակ, դիաբետի առաջացման վտանգը մեծանում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում