Ճանճերը հակաբիոտիկների նկատմամբ կայունություն են տարածում. հետազոտություն

8 փետրվարի, 2017  10:49

Հակաբիոտիկների նկատմամբ մանրէների ռեզիստենտությունը շատ ավելի լուրջ խնդիր է, քան կարծում էին մասնագետները, իսկ ռեզիստենտության գեները ճանճերն են փոխանցում: Նման եզրակացության են հանգել Չինաստանի գիտնականները, որոնք «վերջին հույս» համարվող հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության առաջին պարբերական հետազոտությունն են կատարել:

«Վերջին հույս հակաբիոտիկները», որոնց շարքում կարելի է առանձնացնել կարբապենեմների խումբը, այն դեպքերում են ընդունվում, երբ մյուս դեղամիջոցները չեն օգնում: Եթե կարբապենեմները չեն ազդում, մյուս սակավաթիվ տարբերակներից է համարվում կոլիստինը: Նախկինում համարվում էր, որ նրա նկատմամբ կայուն բակտերիաներ չկան, սակայն 2015 թվականին Չինաստանում գտել են այդպիսի հատկություններով միկրոօրգանիզմներ: Չինացի գիտնականները նաեւ պարզել են, որ հակաբիոտիկների նկատմամբ ռզիստենտության գեները կարող են փոխանցվել տարբեր տեսակի բակտերիաների միջեւ:

Չինաստանում կոլիստինը չի կիրառվում մարդկանց բուժելու համար: Այն կենդանիներին են տալիս (հիմնականում խոզերին եւ հավերին) որպես սննդային հավելում աճի խթանման համար՝ ամբողջ երկրում տարեկան մոտ 8 հազար տոննա: Բացառված չէ, որ դեղի նման սխալ կիրառումը հանգեցնում է նրա հանդեպ կայունության տարածմանը: Այս տարվա ապրիլին Չինաստանում ծրագրել են այս պրակտիկան դադարեցնել եւ սկսել կոլիստինն օգտագործել որպես մարդկանց նշանակվող հակաբիոտիկ, սակայն, հնարավոր է, որ արդեն շատ ուշ է: Քարդիֆի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ Չինաստանի հիվանդանոցներում հիվանդների 1 տոկոսի մոտ հիվանդություններ առաջացնող բակտերիաները արդեն կոլիստինի նկատմամբ կայունություն են մշակել, եթե նույնիսկ այն բուժման մեջ չեն կիրառել:

Մեկ ուրիշ հետազոտությամբ պարզվել է, որ թռչունների եւ կենդանիների մսի նմուշների մոտ մեկ երրորդը վարակված է կարբապենեմների նկատմամբ կայուն միկրոօրգանիզմներով: Նմուշների քառորդ մասում բակտերիաները կայուն էին նաեւ կոլիստինի նկատմամբ: Ավելին՝ պարզվել է, որ կայունության գեները հեշտությամբ փոխանցվում են տարբեր բակտերիաների միջեւ: Այդպիսի գեներ են հայտնաբերվել թռչնաբուծական տնտեսությունների տարածքներում շների կղանքի մեջ եւ ճանճերի օրգանիզմում: Քարդիֆի համալսարանի աշխատակից Թիմ Վոլշը պարզաբանել է, որ ամռանը ճանճերն այս գեները տարածում են ամենուր: Ավելի ուշ գեները հայտնաբերվել են նաեւ թռչունների ծերտում, ինչը նշանակում է, որ «վերջին հույս հակաբիոտիկների» նկատմամբ կայունությունը կարող է թռչունների միջոցով «տեղափոխվել» նաեւ հարեւան երկրներ:

Բակտերիաների գեների սեկվենիրացմամբ գիտնականները պարզել են, որ թռչնի մսի գործնականում բոլոր նմուշներում առկա էին կոլիստին mrc-1-ի նկատմամբ կայունության գեն ունեցող միկրոօրգանիզմները, սակայն հակաբիոտիկին ակտիվորեն հակազդել է միայն կեսը, մյուս բակտերիաներում գենը «քնի ռեժիմում» էր:

Այսպիսով, նախկինում ստանդարտ թեստերով հակաբիոտիկային կայունության վտանգավորությունը զգալիորեն թերագնահատվել է: Գիտնականները նշում են, որ խնդիրը շատ ավելի լուրջ է, քան կարող էինք նախկինում ենթադրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում