Լյարդի ցիռոզ ճարպակալմամբ երեխաների շրջանո՞ւմ

21 մարտի, 2017  22:04

Շատերին թվում է, թե ցիռոզն ալկոհոլամոլների հիվանդությունն է: Սակայն վերջին շրջանում հիվանդությունն ավելի հաճախ է հայտնաբերվում ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող դեռահասների շրջանում: Նրանց օրգանիզմում այս խանգարման պատճառը հենց շատ ուտելն է, պնդում են մասնագետները:

Guy’s and St Thomas’ NHS Foundation Trust (Լոնդոն) կլինիկայի լյարդաբան-խորհրդատու, բժիշկ Ջուդ Օբենը ներկայումս բուժում է ճարպային հեպատոզով ավելի քան 10 դեռահասների, այդ թվում՝ 132 կգ քաշով 13-ամյա երեխայի: Այս պատանի հիվանդների զգալի մասի մոտ արդեն առաջացել է  լյարդի լիարժեք ցիռոզ, հիվանդություն, որի դեպքում լյարդը ծածկվում է սպիավոր հյուսվածքով եւ կարծրացումներով, իսկ չափերով փոքրանում է:

Նրա խոսքով՝ մենք ականատես ենք դառնում լյարդի հիվանդությունների ցնցող քողարկված համաճարակի, որն առաջանում է ճարպակալման հետեւանքով:

«Ցիռոզով տառապող երիտասարդ հիվանդների այսպիսի մեծ թվի հետ հաշտվելն ուղղակի անհնար է: Սրա համար պետք է ծնողներին մեղադրել, որոնք իրենց հաշիվ չեն տալիս, թե որքան վատն է իրենց երեխաների սննդակարգը եւ նրանց ինչպիսի վտանգ է սպառնում շատ ուտելը, նույնիսկ մանկական հասակում»,- ասել է բժիշկը:

Մարդու լյարդը կարող է վնասվել «գերծանրաբեռնվածության» հետեւանքով, եթե այն ստիպված է լինում երկար ժամանակ մեծ ծավալի ալկոհոլ կամ վնասակար սնունդ մշակել: Ավելորդ ծանրաբեռնվածությունները լյարդի գործառնության դադարեցում են առաջացնում, որը բարձիթողի դեպքերում պահանջում է այս օրգանի փոխպատվաստում: Լյարդի ցիռոզը անբուժելի հիվանդություն է համարվում, որը հանգեցնում է հիվանդի մահվան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում