• Latest news

ԱՆ-ը ծրագրում է սոցիալապես անապահով խմբերը ենթախմբերի բաժանել եւ համավճար մտցնել

28 մարտի, 2017  20:05

Հայաստանի առողջապահության ոլորտում մի շարք փոփոխություններ են նախատեսվում, սակայն հաջողությունների մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ քաղաքացիները զգան այս փոփոխությունների դրական արդյունքները: Այս մասին լրագրողների հետ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտնեց Առողջապահության պետական գործակալության պետի պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը:

Նա նշեց, որ առողջապահության բյուջեն աճի միտումներ չունի, հակառակը՝ 2017 թվականին պետպատվերը կազմում է 67,2 մլրդ դրամ, որը 2016 թվականի համեմատությամբ 2,6 մլրդ-ով քիչ է: Սա, բնականաբար, խնդիրներ է առաջացնում, սակայն Առողջապահության նախարարության կատարած հետազոտություններով պարզվել է, որ խնդիրը միայն ֆինանսավորման պակասի մեջ չէ, այլեւ ունեցած միջոցների արդյունավետ օգտագործման:

Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ ներկայումս առաջին հերթին ընթանում է առողջապահության ամբողջ համակարգի թվայնացում (էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրում), եւ դա համակարգի արդյունավետության գնահատման լավ գործիք կդառնա:

Երկրորդ՝ գերատեսչությունում վերանայվում է բոլոր ծրագրերի արդյունավետությունը առողջապահության բոլոր ցուցանիշները բարելավելու տեսանկյունից: Մասնավորապես՝ արդեն որոշում է ընդունվել դադարեցնել այն ծրագրի իրականացումը, որի շրջանակներում պետությունը վճարում էր ԱՊՀ երկրներից մեկում բուժվելու համար ավիաչվերթի դիմաց, եթե նման բուժումը Հայաստանում հասանելի չէր: Օրինակ՝ մարդկանց վճարում էին «գամա նշտարով» բուժվելու համար Սանկտ Պետերբուրգ ուղեւորությունը, սակայն պետությունը, դրա հետ մեկտեղ, չէր վճարում բուն բուժման համար, որը բավական թանկ արժե: Նախարարությունում եզրակացրել են, որ առողջապահության տեսակետից այսպիսի ծախսի արդյունավետությունը շատ ցածր է: Այս ծրագրի համար տարեկան տրամադրվում էր 10-12 մլն դրամ, եւ հիմա այդ գումարները կուղղվեն այլ նպատակների, հայտնեց նա:

Այնուհետեւ նա պարզաբանեց, որ փոփոխություններ կլինեն երրորդ կարգի հաշմանդամների բուժման գործընթացում, որոնք կազմում են հաշմանդամների ընդհանուր թվի կեսից փոքր-ինչ պակաս մարդ: Առաջին՝ նրանք աշխատունակ են եւ պետությունից նպաստ չեն ստանա: Երկրորդ՝ նրանց համար անվճար կլինի միայն այն պաթոլոգիայի բուժումը, որը հաշմանդամություն է առաջացրել: Ծաղիկ Վարդանյանը հայտնեց, որ հիմա Սոցիալական ապահովության նախարարության հետ նախագիծ է մշակվում, որի շրջանակներում երրորդ կարդի հաշմանդամների համար կլինեն անհատական վերականգնողական ծրագրեր:

Պետական գործակալության պետի պաշտոնակատարը նշեց, որ ավելի գլոբալ խնդիրը պետպատվերի այն մասն է, որ տրամադրվում է բնակչության սոցիալապես անապահով խմբերի բուժման համար: Նրա պարզաբանմամբ՝ սոցիալապես անապահով խմբերի համար պետությունը գներ է սահմանել, որոնք իրական գներից զգալիորեն ցածր են: Նախարարությունը հարցում է կատարել երկրի բուժհաստատություններին, որ նրանք իրենց առաջարկները ներկայացնեն, եւ բուժհաստատությունների 90 տոկոսը խնդրել է իրենց հնարավորություն տալ համավճարներ մտցնել: Այժմ նախարարությունում այս հնարավորությունը դիտարկում են որպես ստվերից այն գումարները հանելու միջոց, որոնք առողջապահության ոլորտում իրապես շրջանառվում են դրամարկղը շրջանցելով:

Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ սոցիալապես անապահով 25 խմբերը, որոնցում ընդգրկված է Հայաստանի մոտ 1,5 մլն բնակչությունը, կբաժանվեն 3 ենթախմբերի: Ավելի խոցելի խմբերի բուժման համար ամբողջությամբ կվճարի պետությունը: Մյուս 2 խմբերի համար տարբեր չափի համավճար կսահմանվի, եւ արդյունքում բուժհաստատությունները բուժման իրական գներով վճարում կստանան: Նա հավաստիացրեց, որ սրա հիմքում դրված է սոցիալական արդարության սկզբունքը, իսկ էլեկտրոնային առողջապահությունը նվազագույնի կհասցնի բուժհաստատությունների եւ բժիշկների կողմից սահմանային իրավիճակները խաղարկելու հնարավորությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll