Գիտնականները հայտնել են շոկոլադի նոր օգտակար հատկությունների մասին

24 մայիսի, 2017  23:46

Շոկոլադի չափավոր բաժիններով կանոնավոր օգտագործումը նվազեցնում է նախասրտերի ֆիբրիլյացիայի (շողացող առիթմիա) առաջացման հավանականությունը, պնդում են ամերիկացի, դանիացի եւ կանադացի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Heart ամսագրում:

Շոկոլադի օգտագործման եւ նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման հավանականության նվազման միջեւ ամենաուժեղ կապը նկատվել է այն դեպքում, երբ կանայք շաբաթական կերել են շոկոլոդի մեկ բաժին (30 գրամ), իսկ տղամարդիկ՝ երկուսից մինչեւ վեց: Առաջին դեպքում շողացող առիթմիայի առաջացման հավանականությունը նվազել է 21 տոկոսով, իսկ երկրորդ դեպքում՝ 23 տոկոսով:

Հետազոտության հեղինակները նման եզրակացության են հանգել վերլուծելով դանիացի 55 հազար տղամարդկանց եւ կանանց տվյալները, որոնց առողջական վիճակին, մասնավորապես սիրտ-անոթային համակարգի վիճակին հետեւել են 1993 թվականի դեկտեմբերից 1997-ի մայիս ժամանակահատվածում:

Մասնագետները նշել են, որ առավել օգտակար է սեւ շոկոլադը, այլ ոչ թե, օրինակ, կաթնայինը (Դանիայում այն պարունակում է մոտ 30 տոկոս կակաո), մինչդեռ հետազոտության ընթացքում չեն հետեւել, թե մարդիկ հատկապես ինչ շոկոլադ են օգտագործել:

Նախկինում գիտնականները ցույց են տվել, որ կակաո պարունակող մթերքների, մասնավորապես սեւ շոկոլադի, կանոնավոր եւ չափավոր օգտագործումն արյունատար անոթների վիճակի վրա բարենպաստ է ազդում հավանաբար ֆլավոնոիդների շնորհիվ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում