• Latest news

Արյան դոնորություն. Այն ամենի մասին, որ կցանկանայիք իմանալ

20 հունիսի, 2017  20:14

Արյան դոնորներ կարող են դառնալ 18-60 տարեկան առողջ մարդիկ: Էլ ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանեն պոտենցիալ դոնորները: Առողջության համար դոնորությունը վտանգավոր չէ՞: Արյան ո՞ր խումբն ավելի մեծ պահանջարկ ունի: Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց թիվ 1 Համալսարանական կլինիկական հիվանդանոցին առընթեր լաբորատորիայի ղեկավար Գայանե Պետրոսյանի հետ:

Հակացուցումներ

Դոնորության համար գոյություն ունեն մի շարք բացարձակ եւ հարաբերական հակացուցումներ.

  • Ինֆեկցիոն հիվանդություններ. անհրաժեշտ է դոնորի արյունը ստուգել հեպատիտների, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, բրուցելյոզի մասով: Այսօր լաբորատորիաներում օգտագործվում են գերզգայուն թեստեր, որոնք օգնում են հայտնաբերել ինֆեկցիաների հետ կապված ցանկացած խնդիր:
  • Լյարդի վիճակը. անհրաժեշտ է ստուգել նաեւ ապագա դոնորի լյարդի ֆերմենտները: Եթե ինչ-որ խանգարումներ կան, այդ մարդը չի կարող դոնոր դառնալ:
  • Այլ խանգարումներ. որոշ խանգարումներ, որոնք հնարավոր է հայտնաբերել արյան ընդհանուր անալիզով, կարող են հարաբերական հակացուցում լինել, եթե շտկելու ենթակա են: Թերապեւտը կարող է նշանակում կատարել, եւ եթե դրանից հետո խնդիրը վերանա, մարդը կարող է դոնոր դառնալ:
  • Վերջին 6 ամիսներին կատարված դաջվածքներ, պիրսինգ. որոշ հիվանդություններ, որոնցով հնարավոր է վարակվել այս միջամտությունների ընթացքում, հնարավոր է հայտնաբերել միայն մի քանի ամիս հետո: Եթե, սակայն, դաջվածք կամ պիրսինգ կատարելուց հետո ավելի քան 6 ամիս է անցել, եւ մարդու բոլոր անալիզները մաքուր են, նա միանգամայն կարող է դոնոր լինել:
  • Վերջին 6 ամիսներին կատարված վիրահատություններ, ատամնաբուժական միջամտություններ. պատճառները նույնն են, ինչ նախորդ դեպքում` նման միջամտությունների ժամանակ ինֆեկցիոն հիվանդությամբ վարակվելու վտանգ կա, որը կարող է հայտնաբերվել միայն կես տարի հետո:
  • Ճանապարհորդություններ դեպի վտանգավոր շրջաններ. եթե վերջին 6 ամիսների ընթացքում պոտենցիալ դոնորը եղել է ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու մեծ հավանականությամբ երկրներում, նրան կարող են ժամանակավորապես թույլ չտալ դոնոր դառնալ, մինչեւ համոզված լինեն, որ նա առողջ է:
  • Մակարդման խանգարումներ. մակարդելիության խանգարումները սովորաբար դոնորությանը հակացուցված են:
  • Քաշ. կին դոնորները պետք կշռեն 54 կգ-ից ոչ պակաս, տղամարդ դոնորները` 64 կգ-ից ոչ պակաս: Ճարպակալումը հակացուցում չի համարվում, սակայն ճարպակալում ունեցող մարդկանց մոտ հաճախ խանգարումներ են լինում արյան բաղադրության մեջ, ուստի նրանց արյունը ոչ պիտանի է դառնում:

Վտանգներ

Դոնորի առողջության համար վտանգավո՞ր է արյուն հանձնելը: Գայանե Պետրոսյանի պարզաբանմամբ` դոնորն առավելագույնը 400 մլ արյուն է հանձնում: Որոշ դեպքերում նա կարող է նաեւ ավելի քիչ հանձնել` կոնսուլտացիայի ժամանակ թերապեւտն է որոշում` կոնկրետ մարդուց որքան արյուն է կարելի վերցնել:

Եթե դոնորն առողջ է, 400 մլ արյուն հանձնելը նրա առողջությանը ոչ մի վտանգ չի ներկայացնում: Հակառակը` համարվում է, որ դա կնպաստի նրա արյան թարմացմանը:

Գործընթացը

Կա արյան դոնորների 3 կարգ` հիվանդի հարազատներ, կամավորներ եւ վարձատրվող դոնորներ: Նրանք բոլորն առաջին հերթին պետք է թերապեւտի մոտ կոնսուլտացիա անցնեն, որից հետո կամավորները կարող են անմիջապես անցնել արյուն հանձնելուն. նրանց արյան պիտանիությունը կստուգեն արդեն հետո: Հետաքրքիր է, որ զանգվածաբար արյուն հանձնելու դեպքում ոչ բոլոր նմուշներն են պիտանի լինում. քանի որ հիմա դոնորական արյան ստուգման շատ զգայուն թեստեր են օգտագործվում, նմուշներից շատերը զատվում են, պատահում է, որ 10-ից միայն 2 նմուշ է պիտանի համարվում:

Իսկ ահա «վճարվող» դոնորները թերապեւտի հետ զրույցից հետո մի փոքր արյուն են հանձնում, որը ստուգում են (դրա համար մոտ մեկ ժամ է պահանջվում), որից հետո, եթե այն նորմալ է, մարդը դոնորական արյուն է հանձնում:

Հանձնելու գործընթացը 5-7 րոպե է տեւում:

Պահանջարկ

Հայաստանում ավելի հաճախ է հանդիպում արյան 2-րդ (դրական) խումբը: Այս խմբի դոնորական արյունը եւս ամենաշատն է, որովհետեւ նրա պահանջարկը մեծ է, հաճախ պակաս է առաջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll