Ինչո՞ւ է այդքան կարեւոր երեխայի ծնվելուց հետո մաշկը մաշկին շփումն ապահովելը

15 հուլիսի, 2017  22:18

Միջազգային մեծ թվով ուղեցույցներ խորհուրդ են տալիս երեխայի ծնվելուց անմիջապես հետո նրան փորով ներքեւ դնել մոր բաց կրծքին: Համարվում է, որ մոր եւ ծնվելուց անմիջապես հետո նորածնի միջեւ մաշկը մաշկին շփումը լավացնում է նրանց հարաբերությունները, օգնում փոքրիկին տաքության մեջ պահել եւ կրծքով կերակրելը հեշտ սկսել:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում  WHO Collaborating Centre for Maternal and Child Health-ից բժիշկ Ֆաբիո Ուկսան նշեց, որ իսկապես չի կարելի թերագնահատել մաշկը մաշկին շփման կարեւորությունը:

«Նորածնի համար բնական միջավայրը, նույնիսկ անհաս նորածնի համար, ոչ թե սենյակն է, այլ մոր մարմինը: Կյանքի առաջին օրերին նորածինը ամենակարեւոր ազդանշանները ստանում է հոտերի եւ հպման միջոցով, եւ միայն հետո` լսողության եւ զգայարանների այլ օրգանների միջոցով: Կյանքի առաջին իսկ պահերին հոտերի եւ հպման միջոցով ստացվող ազդանշանները երեխայի ուղեղի զարգացման սկիզբն են դնում»,- պարզաբանեց մասնագետը:

Ինչո՞ւ է այդքան կարեւոր երեխայի ծնվելուց հետո մաշկը մաշկին շփումն ապահովելը  եւ ի՞նչ դրական կողմեր ունի նման շփումը:

1. Կերակրել

Այսօր աշխարհի շատ հիվանդանոցներում ավելի հաճախ է կիրառվում նորածնին կյանքի առաջին ժամին կրծքով կերակրելու պրակտիկան: Սա նպաստում է ընկերքի ավելի հեշտ ու արագ դուրս գալուն` նվազեցնելով հետծննդյան արյունահոսության հավանականությունը, իսկ երեխայի օրգանիզմն անհրաժեշտ նյութեր է ստանում մայրական կաթի առաջին կաթիլների հետ: Կրծքով վաղ կերակրելու կազմակերպումն ավելի հեշտ է մաշկը մաշկին առաջին շփման ժամանակ:

2. Մարմնի ջերմաստիճան

Նորածնի, հատկապես անհաս երեխայի օրգանիզմը դեռեւս չի կարող նորմալ կարգավորել իր ջերմաստիճանը, այս պատճառով նորածինների մոտ հաճախ հիպեթերմիայի խնդիր է առաջանում: Մոր մաշկի հետ շփումը կարող է երեխայի համար անհրաժեշտ ջերմություն ապահովել:

3. Մոր եւ երեխայի միջեւ կապ

Մաշկը մաշկին շփման ժամանակ մոր օրգանիզմում սկսում է օկսիտոցին հորմոնն արտադրվել, որը պատասխանատու է կապվածության եւ մայրական բնազդի համար: Մասնագետների խոսքով` այն մայրերը, որոնց ծննդաբերությունից հետո առաջին ժամվա ընթացքում երեխայի հետ մենակ են թողել,  ավելի շուտ են սկսում երեխայի նկատմամբ կապվածություն զգալ եւ հետագայում նրան ավելի վստահաբար են խնամում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում