Սպորտային ըմպելիքները սխալմամբ են առողջ համարվում

7 օգոստոսի, 2017  14:09

Առողջ կենսակերպ վարող երեխաները կարող են վնաս հասցնել իրենց առողջությանը՝ մեծ քանակությամմբ քաղցրացված սպորտային սառը ըմպելիքներ խմելով, կարծում են ԱՄՆ-ի Թեխասի համալսարանի Առողջ կյանքի կենտրոնի մասնագետները:

«Երեխաներն ու նրանց ծնողոներն այդ ըմպելիքները սխալմամբ օգտակար են համարում, չնայած դրանք մեծ քանակությամբ շաքար են պարունակում եւ ոչ մի սննդարար արժեք չունեն»,- ասել է հետազոտության հեղինակներից Նալինի Ռանջիթը: Հետազոտությունը հրապարակվելու է Pediatrics ամսագրի հոկտեմբերյան համարում:

Հետազոտողներն ուսումնասիրել են Թեխասի դեռահասների շրջանում քաղցրացված ըմպելիքների, առողջ եւ անառողջ սննդի օգտագործման եւ ֆիզիկական ակտիվության միջեւ կապը:

Քաղցրացված ըմպելիքները շաքար կամ եգիպտացորենի օշարակ են պարունակում: Գիտնականները դրանց շարքին չեն դասում 100 տոկոսանոց մրգային հյութերը:

«Սպորտային ըմպելիքները գովազդում են որպես առողջ կենսակերպի հետ կապ ունեցող ըմպելիք: Սակայն դրանցում շատ քիչ մրգային հյութ եւ մեծ քանակությամբ ավելորդ կալորիաներ կան»,- ասել է Նալինին:

«Քաղցրացված ըմպելիքների պարբերական օգտագործումը ավելացնում է քաշը: Օրական ընդամենը մեկ շիշ լիմոնադը տարեկան 4 կգ ավելորդ քաշ է»,- ասել է գիտնականը: Միաժամանակ, առողջ սննդի հարցերով մասնագետները խորհուրդ չեն տալիս երեխաներին օրական մեկ բաժակից ավելի հյութ խմել, եթե նույնիսկ դա 100 տոկոսանոց մրգային հյութ է: Բանն այն է, որ հյութերը նույնպես բավականաչափ կալորիական են: Սպորտային ըմպելիքները խորհուրդ են տրվում միայն ծայրահեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության պարագայում: Մնացյալ դեպքերում ավելի լավ է ջուր խմել, իսկ մրգային հյութի փոխարեն թարմ միրգ ուտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում